«Թբիլիսի ուսանողական փառատոն 2022»-ը մեկնարկել է Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս մասին հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ անդրադառնալով երիտասարդական ամառային ծրագրերին։
Քաղաքային իշխանության ղեկավարի խոսքով՝ ուսանողական փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներին մասնակցում են Վրաստանում գործող 34 պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 50 հազար ուսանողներ։
«Փառատոնի շրջանակներում տարբեր վայրերում իրականացվում են սպորտային միջոցառումներ։ Այսօրվանից մեկնարկում են նաև վրացական ժողովրդական երգի-պարի մրցույթները։ Փառատոնին մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերում գործող բուհերը։
Տեղեկության համաձայն՝ փառատոնի եզրափակիչ փուլը կանցկացվի հունիսի 29-ին Ազգային թանգարանում, որտեղ կբացահայտվեն հաղթող բուհերը՝ ըստ տարբեր անվանակարգերի։
«Մենք մշտապես աջակցելու ենք նմանատիպ նախագծերին՝ ապագայում երիտասարդներին առաջարկելով մի շարք նոր հետաքրքիր ծրագրեր։ Փառատոնը կկրի ավանդական բնույթ և կանցկացվի ամեն տարի Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ քաղաքապետի կազմակերպած երիտասարդական ամառային ծրագրերին արդեն գրանցվել է 5 հազար 600 երիտասարդ։