Վրաստանում մեկնարկել է հեպատիտ B-ի դեմ պայքարի պետական ծրագիրը: Վրաստանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ ծրագրից օգտվելն անվճար է։
Ծրագրի շահառու են համարվում HBV խրոնիկական վարակով, ինչպես նաև խրոնիկ հեպատիտ B-ի ախտորոշմամբ և արդեն հակավիրուսային բուժման մեջ գտնվող անձինք: Պացիենտները ծրագրում կներառվեն հանձնաժողովային հիմունքներով։
Ծրագրի առաջին փուլում պացիենտների հետազոտումը, բուժման մեջ ընդգրկվելու և բուժման վերահսկողության համար անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը, հեպատիտ B-ի դեղամիջոցները պացիենտներին կտրամադրվեն անվճար, իսկ բուժումը կսկսվի սեպտեմբերից։
Ծառայությունը ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ծրագիր տրամադրող հաստատություններ. ծրագրում ընդգրկված է 15 բուժհաստատություն Վրաստանի ողջ հանրապետությունում։ Ծրագրի ծառայություն մատուցող բուժհաստատությունները, որտեղ էլ սկսվել է թեստավորումը, ներկայացված է Վրաստանի առողջապահության նախարարության պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ Վրաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հեպատիտ B-ով այն հիվանդների համար, որոնք այս փուլում չունեն կլինիկական բուժման կարիք, ծրագիրը նախատեսում է անվճար կրկնակի ախտորոշիչ հետազոտություններ՝ բժշկի նշանակմամբ, 12 ամիսը մեկ անգամ։