Վրաստանի կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը։ Մարտի 15-ից մինչև մարտի 26-ը դպրոցներում կգրանցեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։
Այս փուլում գրանցվելու համար ծնողները պետք է դիմեն հանրային դպրոցներին։ Այնուհետև դպրոցը երեխային կգրանցի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS)։ Ծնողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մարտի 29-ից ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող կարող է համարվել այն երեխան, ով ունի՝
- ֆիզիկական հաշմանդամություն,
- ինտելեկտուալ զարգացման խանգարում,
- սովորելու ունակության խանգարում,
- զգայարանների հետ խնդիրներ (լսողություն, տեսողություն),
- խոսքի զարգացման խնդիր,
- վարքային և հուզական խանգարումներ,
- երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն,
- սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, որոնց պատճառով երեխան չի կարողանում բավարարել ազգային ուսումնական ծրագրի պահանջները,
- աուտիզմ։