Մեկնարկեց Tbilisi Pride-ի շաբաթը

Այսօր՝ հուլիսի 1-ին, չնայած ծայրահեղական մի շարք խմբերի զգուշացումներին ու սպառնալիքներին, Թբիլիսիում բացվում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Հպարտության շաբաթ» (Tbilisi Pride) -ը:

Շաբաթվա ընթացքում նախատեսվում են տարատեսակ միջոցառումներ, քննարկումներ, որոնք կեզրափակվեն հուլիսի 5-ին Թբիլիսիի կենտրոնում ՝ Ռուսթավելի պողոտայում կայանալիք «Արժանապատվության երթով», որն էլ հիմնական թիրախն է ծայրահեղական խմբերի համար։

Հիշեցնենք` նախորդ տարիներին ևս  «Tbilisi Pride»-ի միջոցառումները Վրաստանում անցել են լարվածության ֆոնին, քայլերթը մի քանի անգամ չեղարկվել է, քանի որ հակալգբտականները սպառնում էին տապալել այն, վերջում անցկացվել է սեղմ  կազմով:

Այսօր անդրադառնալով «Հպարտության շաբաթվան»՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլն ասել է, որ իր համար բռնության, սպառնալիքների, ճնշումների և ատելության խոսքի բոլոր ձևերն անընդունելի են:

«Հանդուրժողականությունը մեր ինքնության մի մասն է: Մեր երկիրը կառուցված է դրա վրա և առաջիկայում էլ դրա շնորհիվ է զարգանալու։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ բոլորն ունեն ձայնի իրավունք։ Նաև Tbilisi Pride- ի մասնակիցներն իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը և օգտվել սահմանադրական իրավունքից։ Սա կարևոր է մեր երկրի և մեր միասնության համար»,-ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան ևս հույս է հայտնել, որ բռնություններ չեն լինի այս օրերին ընթացքում։

«Պետությունը պարտավոր է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։ Շատ կարևոր է խուսափել բռնության բոլոր ձևերից: Փաստն այն է, որ այս երկրում խոսքի ազատության իրավունքը միշտ պաշտպանված է եղել»,-ասել է Կուչավան։

Օրեր առաջ էլ Եվրախորհրդարանի ԼԳԲՏՔ հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամները Վրաստանին հորդորեցին անցկացնել Արժանապատվության քայլերթն  ու ապահովել Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: