Այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 17։00-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան) մեկնարկեց Սայաթնովյան 109-րդ ավանդական «Վարդատոնը»:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Վիրահայերի միություն» կազմակերպության նախագահ Մարի Առաքելովան: Տոնի առթիվ իր շնորհավորանքը Վիրահայ համայնքին հղեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Աշոտ Սմբատյանը, ելույթ ունեցավ նաև Վրաստանի գրողների միության նախագահ՝ Մաղվալա Գոնաշվիլին, Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը և այլք։
Նշենք, որ «Վարդատոնը» այս տարի կազմակերպել է «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան, Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո:
Ի դեպ, «Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլիի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։
Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։
«Վարդատոնն» ավանդական է դառնում նաև Երևանում. արդեն մի քանի տարի է թբիլիսյան «Վարդատոնին» նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում նույնպես նշվում է որպես Թիֆլիսի մեծ աշուղի հիշատակի և հարգանքի օր: