Այսօր մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Մինչ Փաշինյանի ժամանումը, Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին լրագրողների հետ խոսել է հայ-վրացական հարաբերությունների կարևորության մասին:
«Հարևան երկրների միջև սերտ հարաբերությունները կարևոր են: Սա Փաշինյանի երկրորդ այցն է և սա ընդգծում է Վրաստանի կարևորությունը Հայաստանի և Հայաստանի կարևորությունը Վրաստանի համար: Առևտրատնտեսական հարաբերությունները կքննարկվեն նաև էներգետիկայի ոլորտում: Երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են», — ասել է Դավիթ Զալկալիանին:
ՀՀ պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի հերոսների հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնականության համար զոհված հերոսների հուշակոթողի մոտ:
ՀՀ վարչապետի այցը կավարտվի մարտի 4-ին:
Հիշեցնենք՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցով հենց Վրաստան էր եկել, ինչից հետո 2019 թ․ հունվարի 15-ին տեղի է ունեցել նաև ոչ պաշտոնական հանդիպում Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ՝ Մարնեուլիի շրջանի հայաբնակ Բոլնիսի գյուղում: