Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 3818 բուժաշխատող:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, պատվաստվելու համար Booking.moh.gov.ge հարթակում գրանցվել է 5246 բուժաշխատող:
Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով: Պատվաստման գործընթացը երկրում մեկնարկեց մարտի 15-ից՝ առաջինը պատվաստվեցին Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև մարտի 18-ին ուղիղ եթերում պատվաստվեց երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում պատվաստվելու են առողջապահական ոլորտի աշխատողները: Դեռևս հայտնի չէ, թե երբ է սկսվելու բնակչության այլ խմբերի պատվաստումը: