Վրաստանում 1 պարկ ալյուրի գինն այժմ 50 լարի է, BusinessPressNews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է «Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան։
Ըստ Սիլագավայի՝ այս գնային շրջանակում ալրաղացները, հաց արտադրողներն իրենց նկատելիորեն հարմարավետ են զգում. հացի պարագայում մարտահրավեր չկա։
«Կամաց-կամաց վերադառնում ենք 2021 թվականի նշագծին, երբ Վրաստան էին ներկրվել 50-60 հազար տոննա ցորեն և 1500 տոննա ալյուր։ Այս տարի վիճակագրությունը կամաց-կամաց շտկվում է, և այս ամենն օգնում է մրցակցությանը։ Ըստ այս տարվա վիճակագրության՝ ներկրվել են 4-5 հազար տոննա ալյուր և 40 հազար տոննա ցորեն»,- ասել է Սիլագավան։
Ի դեպ, Վրաստանի կառավարությունը երկարաձգել է ալյուրի ներմուծման հարկը մինչև 2025 թվականի մարտի 1-ը։
Հիշեցնենք. կառավարության որոշմամբ՝ ալյուրի ներմուծման հարկն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսից և կազմել է 50 լարի մեկ տոննայի համար։ Հետագայում՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ից, այս հարկը հասցվել է 250 լարիի։ Հարկն ի սկզբանե պետք է գործեր մինչև 2024 թվականի մարտի 1-ը, սակայն հետո երկարաձգվեց մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։ Իսկ այժմ՝ օգոստոսին, կառավարությունը որոշել է երկարաձգել հարկը մինչև 2025 թվականի մարտ։ Ալյուրի հետ մեկտեղ, ներմուծման հարկը գործում է գարու և թեփի համար, իսկ տոննայի արժեքը 100 լարի է։