«Յուրաքանչյուր քվե կարող է որոշիչ դառնալ երկրի ճակատագրի համար», — այսպես են մտածում հասարակության ակտիվ ներկայացուցիչները, որ գիտակցում են այս ընտրությունների կարևորությունը, դրանում իրենց ցուցաբերած բարձր մասնակցությունը։
Հարցի շուրջ նրանք հանդես են գալիս յուրաքանչյուրի ձայնի պաշտպանության օգտին։ Մեր զրուցակից Նարիմա Պիճոյանն ակտիվ երիտասարդ է, խրախուսում է բոլորին մասնակցել առաջիկա ընտրություններին։ Հարցին, թե ինչու է կարևոր ընտրություններում երիտասարդների մասնակցությունը, պատասխանում է․
«Վրաստանը ժողովրդավարական երկիր է, այստեղ ապրող յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը, ընտրություններին մասնակցությունն այսօր, քան երբևէ խիստ կարևոր է։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր չափահաս քաղաքացի պետք է օգտվի այդ իրավունքից ու հնարավորությունից՝ սեփական կարծիքը և ցանկությունն արտահայտելու ընտրություններին մասնակցելու միջոցով։ Մենք յուրաքանչյուրս պետք է առաջնորդվենք սկզբունքով՝ ինչպիսի երկրում ենք ցանկանում ապրել, ինչպիսի պայմաններ ենք ցանկանում մեզ և մեզ շրջապատող մարդկանց բարեկեցիկ կյանքի համար։ Անկախ խանգարող հանգամանքների, պետք է տրամադրենք ժամանակ՝ ակտիվորեն մասնակցելու ընտրություններին։
Ելնելով ներկա լարված քաղաքական իրավիճակից, հորդորում եմ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որ չափահաս է, գիտակցում է, թե ինչպիսի խնդրի առաջ է կանգնած երկիրը, մասնակցել ընտրություններին առանց վարանելու․ անգամ մեկ ձայնը կարող է փոխել պատկերը»։
«Ալիք Մեդիա Վրաստանի»-ի հետ հարցազրույցը Նարիման ավարտեց կոչով՝ միահամուռ ուժերով մասնակցել ընտրություններին, ստեղծելու երիտասարդների պատկերացումների երկիրը։ Նա վստահ է՝ այս ընտրություններում երիտասարդությունը միահամուռ ու միախմբված ուժերով մեկընդմիշտ կվերահաստատի դեպի Եվրոպա Վրաստանի վճռական մուտքը։
Մեր զրուցակիցներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասում է՝ երիտասարդության մասնակցությունից է կախված ընտրությունների ելքը։
Այս հարցի շուրջ իր կարևոր կարծիքն արտահայտեց քաղաքագետ Տիգրան Թարզյանը․
«Ընդհանրապես այս տարվա ընտրություններն իրենց նշանակությունից ելնելով շատ կարևոր են․ ամբողջովին գիտակցում ենք, թե ինչ է տեղի ունենում։ Վրաստանի ժողովրդավարությանն ու առաջխաղացմանը հարված են հասցրել «Ռուսական օրենք» կոչվածը, ևս մի քանի նման անհեթեթ օրենքներ։ Հարաբերությունները սառեցվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև, Եվրամիության անդամ դառնալու հույսերը հոդս են ցնդում։ Եվրոպական միության առաջնորդներն իրենք են հայտարարում, որ դադարեցվել է Վրաստանի եվրաինտեգրումը։ Ահա ողջ պատկերը, որ ստիպում է բոլորիս հասկանալ այս ընտրությունների նշանակությունը»։
Թարզյանը վերլուծելով նախորդ ընտրությունները՝ նկատեց, որ երիտասարդների մասնակցությունն անհամեմատելի ցածր էր։ Նրա խոսքով երիտասարդների մի մասը մտածում է, որ քաղաքականությունը «կեղտոտ» գործ է, քանի որ տեսնում է անառողջ մթնոլորտը։
Նա երիտասարդներին խոցելի խումբ է համարում՝ նշելով, որ Վրաստանում երիտասարդներն ակտիվ ներգրավված չեն քաղաքական գործընթացներում, ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնցից շատերն այսօր արդեն ընդհանուր են՝ ծառացած երկրի առջև։
«Օրինակ, գործազրկության ամենամեծ տոկոսը հենց երիտասարդների շրջանում է։ Որակյալ, անվճար կրթությունը պետք է լինի երիտասարդների համար զարգացման միջոց՝ չունենք։ Հիմա ավելի վատ իրավիճակում են երիտասարդները, որովհետև որկյալ կրթություն երիտասարդները ստանում էին արևմտյան երկրներում, հիմա այդ հնարավորությունը նույնպես կառավարությունն իր գործունեությամբ խլելու է մեր ձեռքից։ Դրա համար իմ կարծիքով մեր երիտասարդների մասնակցությունն ընտրական գործընթացին ուղղակի անհրաժեշտություն է», — ավելացրեց Տիգրանը։
Հարցին թե ինչպես կատարել ճիշտ ընտրություն, նա ասաց․ -«Ճիշտ ընտրությունը կլինի այն, որ ունենանք ժողովրդավարական երկիր, որտեղ երիտասարդների, հասարակության յուրաքանչյուր խմբի խոսքը լսելի կլինի, հասանելի՝ խորհրդարանում, կառավարությունում։ Այդ խոսքը պետք է ընտրված ուժին, պաշտոնյային ստիպի խնդիրներին արագ լուծում տալ։ Ի վերջո, մենք պետք է ընտրություն կատարենք՝ ուր ենք գնում՝ Հյուսիս թ՞ե Արևմուտք։ Փաստը է՝ մենք գիտակցում ենք՝ ինչ է կատարվում Հյուսիսում, տեսել ենք նաև ԵՄ-ի ժողովրդավարությունը։ Իմ կարծիքով, ընտրությունը միայն դա է»։
Հիշեցնենք, որ մեկ ձայնը շատ անգամ փոխել է պատմություն, օրինակ 1945 թվականին մեկ ձայնը Օլիվեր Կրոմվելիին հնարավորություն տվեց կառավարել Անգլիան։ Տպավորիչ է մեկ այլ փաստ ևս՝ 1776 թվականին ԱՄՆ-ում մեկ ձայնով անգլերենը փոխարինեց գերմաներենին:
Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան