Մի շարք վիրահայերի նախաձեռնությամբ դրամահավաք է սկսվել` ՀՀ-ին Կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով:
«Մեկ դիմակ՝ մեկ կյանք» կարգախոսով դրամահավաքի արդյունքում հավաքված գումարով դիմակներ եւ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով այլ անհրաժեշտ պարագաներ են գնվելու և ուղարկվելու ՀՀ-ի սոցիալապես անապահով ընտանիքներին։
Նախաձեռնության հեղինակները կոչ են անում GE03BG0000000345892183 հաշվեհամարին ( ստացող` Արշակ Բադալյան) հնարավորության սահմաններում գումար փոխանցել` թեկուզ մեկ դիմակի արժեքով։ ,,
Ես միանում եմ` ֆեյսբուքյան էջում գրում է լրագրող Գայանե Բոստանջյանն ու հորդորում միանալ նախաձեռնությանն ու կյանքեր փրկել.
Անկողմնակալությունը լավ զենք է բարեգործության համար, որովհետև բարեգործ կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը՝ անկախ պաշտոնից, կուսակցական կամ գաղափարական սկզբունք ու տարաձայնությունից: Հենց այդ անկողմնակալությունն օգնում է ինձ կանգնել միշտ նրա կողքին, ով որևէ լավ գործի նախաձեռնող է դառնում, կողքին կանգնել ու մասնակցել հնարավորության ու կարողության ներածին չափով. Սիրելիի վիրահայեր, եկեք թեկուզ չնչին, բայց մեր լուման ներդնենք կորոնավիրոսի դեմ Հայաստանի պայքարում: Գիտակցելով, որ Վրաստանը տնտեսապես ոչ պակաս տուժել է կորոնավիրուսից ու շատերն այսօր սոցիալապես ծանր վիճակում են, որոշել ենք հանդես գալ նաև ձեզ համար մատչելի՝ «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» նախաձեռնությամբ: Ծանր իրավիճակում հայտնված Հայաստանում այսօր կան ընտանիքներ, ովքեր ունեն մեր օգնության կարիքը, թեկուզ ամենաչնչին ներդրումով: Այս պահին կորանավիրուսի վարակը կանխող սոցիալական հեռավորությունից ու ախտահանող միջոցներից թերևս առավել արդյունավետը՝ պաշտպանիչ դիմակն է: Բարեբախտաբար այսօր դիմակ հնարավոր է գնել գրեթե յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր խանութում: Եվ սակայն, ԳՆԵԼ միայն: Գինն ըստ էության հսկայական չէ: Թեև ամսական կտրվածքով, օրական առնվազն երկու անգամ դիմակն օգտագործող բազմանդամ ընտանիքների պարագայում, այո’, շատ է ու մանավանդ՝ չնախատեսված: Հայաստանում մոլեգնող վարակը կյանքեր է խլում ու կաթվածահարում հայաստանյան առողջապահական համակարգը… Ուստի հնարավոր է, որ հենց ես, դու ու «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» նախաձեռնությանը միացող բոլորն այս քայլով հնարավորություն ունենան Հայաստանում ԿՅԱՆՔ փրկել՝ մեր պատմական հայրենիքի հետ փակ սահմանների պայմաններում նույնիսկ…
Մեր Մայր Հայաստանն այսօր աջակցության կարիք ունի, միանանք «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» և ընդհանրապես, կորոնավիրուսի դեմ ուղղված ցանկացած բարի նախաձեռնության:
Ի դեպ, սա Վրաստանից կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու առաջին ծրագիրը չէ։ Նախօրեին արհեստական շնչառության 10 սարք է գնվել, որոնք շուտով Հայաստանում կլինեն։
Այս թեմայով`
Թբիլիսիից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան. Լուսանկարներ