
2024 թվականի մայիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը Վրաստանին վերաբերող օրինագիծ ներկայացրեց, որը նախատեսում էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդում:
Ակտը ներկայացնելուց գրեթե մեկ տարի անց ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ուիլսոնը տեղեկացրեց՝ ԱՄՆ Կոնգրեսում այն կրկին ներկայացնելու մասին։
«Վրաց ժողովրդի ակտ», անգլերեն՝ «Mobilizing and Enhancing Georgia’s Options for Building Accountability, Resilience, and Independence Act», այսինքն՝ «Վրաստանի հաշվետվողականության, ճկունության և անկախության ամրապնդման ակտ»: Փորձենք հասկանալ, թե ինչ է սա ենթադրում։
Ակտը ներկայացվեց Վրաստանում «Գործակալների օրենքը» դատապարտող բազմահազարանոց ցույցերի ֆոնին։ Նշյալ օրենքն ընդունելը մտահոգություններ առաջացրեց ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում։
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է օրենքի պատճառով, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին, ավելի է հեռացնում Վրաստանը Եվրամիության արժեքներից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի սկզբունքներից»,- նշել էր Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը։
Ակտը ենթադրում է Վրաստանին տրամադրել էական տնտեսական, ինստիտուցիոնալ և անվտանգային աջակցություն, եթե վրացական կառավարությունը ժողովրդավարական նորմերի վերականգնման և մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջընթաց գրանցի: Ակտի նպատակն է ամրապնդել Վրաստանի դիմադրողականությունն արտաքին ճնշման հանդեպ, հատկապես Ռուսաստանի կողմից: Ակտում նախատեսված է նաև շրջանային կայունությունը։ Ըստ օրինագծի՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է Վրաստանի կառավարության գործողություններին, հատկապես Ռուսաստանի և այլ ավտորիտար ռեժիմների հետ նրա հարաբերություններին:
Բացի այդ, օրինագիծը պահանջում է Վրաստանում ռուսական հետախուզական գործողությունների և Վրաստանի ու Չինաստանի միջև հնարավոր համագործակցության մանրակրկիտ գնահատումը։
Մի շարք չափանիշներ բավարարելու դեպքում ԱՄՆ-ի և Վրաստանի միջև կստեղծվի «Արտոնյալ առևտրի ռեժիմ», որը ենթադրում է, որ վրացական ապրանքներն ու/կամ ծառայություններն ավելի հեշտ կհայտնվեն ԱՄՆ-ի շուկայում։ Ակտը Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզա ռեժիմ էլ է ենթադրում։
Ակտը ներկայացվելիս պաշտոնապես ուժի մեջ չէր մտել «Գործակալների օրենքը», և ընդունելու դեպքում Վրաստանի բարձրպաշտոնյաների հանդեպ ենթադրվում էր պատժամիջոցներ կիրառել, որն արդեն մի քանի անգամ ԱՄՆ-ն կիրառեց։
Օրինագծի կարևոր մասն է անվտանգության և պաշտպանության ոլորտում վրաց-ամերիկյան համագործակցությունը։ Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն կմշակի ռազմական օգնության փաթեթ, որը ներառում է ռուսական ագրեսիայից տարածքային պաշտպանության համար անհրաժեշտ սպառազինության, սարքավորումների, ուսուցման, տեխնիկական և օպերատիվ աջակցության տարրերի մատակարարում։ Հարկ է թերևս նշել, որ դա կակտիվանա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ կառավարությունը հաստատի, որ Վրաստանը կայուն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության վերածննդի ուղղությամբ, ինչն առնվազն արտացոլված է ժողովրդավարության ստեղծման, հավասարակշռված նախընտրական միջավայրում, արդար ու ազատ ընտրություններ անցկացնելու գործընթացում։
Վերջինիս արդարությունն ու ազատությունը, սակայն, հարցականի տակ դրեցին մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ)։
Ս.թ. հունվարի 5-ին Ջո Ուիլսոնը հայտնեց, որ ««Վրացական երազանքի» կառավարության չճանաչման ակտը» պատրաստ է Կոնգրեսում ներկայացնելու։ Հունվարի 8-ին այն արդեն ներկայացվեց։
Ակտն արգելում է ԱՄՆ կառավարությանը որևէ գործողություն ձեռնարկել, ինչը կճանաչի Բիձինա Իվանիշվիլի կառավարությունը։ Ըստ օրինագծի՝ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրաստանի միակ լեգիտիմ առաջնորդն է»։
Թե այս և թե «Վրաց ժողովրդի ակտի» ընդունման համար անհրաժեշտ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, ապա՝ Սենատի հավանությունը: Վերջնական փուլում այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։