MEGOBARI Act. Վաշինգտոնի ուղերձը Թբիլիսիին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխանցմամբ՝  հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը և հանձնաժողովի անդամ Ջին Շահինը անցյալ շաբաթ ներկայացրել են «Վրաստանի հաշվետվողականության, ճկունության և անկախության հզորացման և մոբիլիզացման ակտը» (MEGOBARI Act-ը):

Ակտի քննարկումը նախատեսված է մարտի 27-ին:

Օրինագծի անվանման անգլերեն հապավումը համընկնում է վրացերեն «ընկեր» (մեգոբարի) բառին և նախատեսված է խորհրդանշելու Վրաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների վերաբերմունքը` Mobilizing and Enhancing Georgia’s Options for Building Accountability, Resilience and Independence Act:

Բազմաթիվ փորձագետներ, քաղաքական գործիչներ և կազմակերպություններ կարծում են, որ MEGOBARI Act-ը կարևոր դեր կարող է ունենալ Վրաստանում զարգացող իրադարձությունների վրա, նաև շատ կարևոր է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների առումով։

Մասնավորապես՝ MEGOBARI Act-ը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի պաշտոնյաների նկատմամբ։ Օրինագծի հեղինակների կարծիքով՝ «MEGOBARI Act»-ը նաև`

  • Նախաձեռնում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամբողջական վերանայում, ներառյալ օգնության բոլոր ծրագրերը;
  • Նախագահից պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կողմնակիցների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ և շեղել Վրաստանը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհից;
  • Աջակցում է ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը, երբ Վրաստանը բավարարի իր սահմանադրական պահանջները;
  • Աջակցություն է հայտնում Վրաստանի լիակատար ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի մշտական ​​և անօրինական օկուպացիայի պայմաններում, աջակցում է Վրաստանի քաղհասարակությանը։

Օրենքի նախագծի հիմնական և կարևոր ուղղություններից է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը։ Ակտը ԱՄՆ պաշտպանության պաշտոնյաներից պահանջում է մշակել Վրաստանին հատուկ համապարփակ ռազմական օգնության փաթեթ, որը ներառում է ռուսական ագրեսիայից տարածքային պաշտպանության համար անհրաժեշտ սպառազինությունների, սարքավորումների, ուսուցման, տեխնիկական աջակցության և օպերատիվ աջակցության տարրերի տրամադրում և մատակարարում։

Օրինագիծը կգործի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ կառավարությունը հաստատի, որ «Վրաստանը կայուն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության վերածննդի ուղղությամբ, որն առնվազն արտահայտվում է հավասարակշռված նախընտրական միջավայրի ստեղծմամբ և արդար ու ազատ ընտրությունների անցկացմամբ»:

«Այս երկկուսակցական (դեմոկրատականներ և հանրապետականներ — հեղ.) օրենսդրությունն աջակցում է վրաց ժողովրդին, քանի որ նրա կառավարությունը շարունակում է իր բռնի հարձակումները խաղաղ ցուցարարների վրա և վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը», — ասված է Սենատի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, քաղաքագետ Գրիգոլ Գեգելիան նշեց, որ MEGOBARI Act-ը երկու հիմնական ուղղություններով կարևոր քայլ է Վրաստանում ընթացող իրադարձությունների առումով։ Քաղաքագետի խոսքով՝ դրանք են «Վրացական երազանք»-ի կառավարության քաղաքականության դեմ պատժամիջոցների կիրառումը և վրաստանյան քաղհասարակությանը աջակցումը, որոնք հատկապես կարևոր են ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում:

«MEGOBARI Act-ը շատ կարևոր է, այս ակտն աջակցություն է Վրաստանին։ Ակտը Վրաստանին տալիս է երկու տեսակի ուղղություն. մեկն այն է, որ Վրաստանը ստանա ավելի շատ հնարավորություններ, բարելավված առևտրային հարաբերություններ, ավելի շատ ուսանողական ազատություններ և այլն։ Երկրորդն այն է, որ եթե ռեժիմը ոչինչ չփոխի, նոր ընտրություններ չանցկացվեն, մարդու իրավունքները չպաշտպանվեն և նման  այլ հանգամանքներ, ապա նրանք կենթարկվեն պատժամիջոցների։ Այսպիսով, մի կողմից կա ցանկություն, որ մարդիկ ավելի լավ ապրեն և ունենան ավելի շատ հնարավորություններ, իսկ մյուս կողմից՝ ռեժիմի գործողությունները»,- ասաց քաղաքագետը։

Գեգելիայի խոսքով՝ «պետք չէ հույս ունենալ, որ սրանից հետո «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը կփոխվի, քանի որ այդ մարդիկ անկախ չեն, հետևաբար ռացիոնալ որոշումներ չեն կայացնում. նրանց վերահսկում է Ռուսաստանը»:

Նշենք, որ ակտն ի սկզբանե Ներկայացուցիչների պալատում ներկայացրել էր հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը 2024 թվականի մայիսին, այն ժամանակ, երբ «Վրացական երազանք»-ն ընդունում էր ռուսական օրենքը: Հետագայում կրկին ներդրվել է 2025 թվականի հունվարին։ Ներկայումս ակտի համահեղինակ է 18 կոնգրեսական:

Հիշեցնենք. Թբիլիսիում նախատեսված է MEGOBARI Act-ին աջակցող երթ։ Մարտի 22-ին, ժամը 20:00-ին ցուցարարները երթը կսկսեն Մարջանիշվիլիի հրապարակից։

Թեմայի հետ կապված այլ մանրամասներ կարդացեք ստորև՝

Սենատորները ներկայացրել են MEGOBARI Act-ը

MEGOBARI Act-ը կքննարկվի մարտի 27-ին