Մեցոլան Զուրաբիշվիլիին հրավիրել է Եվրախորհրդարան

Լուսանկարը՝ publika.ge-ից

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել է Եվրախորհրդարանի նիստին։

Մեցոլան սրա մասին խոսել է դեկտեմբերի 16-ի լիագումար նիստի բացմանը և իր համերաշխությունը հայտնել Վրաստանի քաղաքացիներին։

«Եվրախորհրդարանն իր համերաշխությունն է հայտնում վրաց ժողովրդին, որը երկու շաբաթ Թբիլիսիի փողոցներում և ամբողջ երկրում խաղաղ պայքարում է եվրոպական ապագայի համար՝ ջրի շիթերի տակ ծածանելով ԵՄ դրոշները։ Վրաստանի քաղաքացինե՛ր, մենք տեսնում ենք ձեզ, լսում ենք և ձեր կողքին ենք։ Այս խորհրդարանը դատապարտում է վրացական ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը։ Նման գործողություններն անհամատեղելի են Վրաստանի ԵՄ ուղու հետ», — ասել է Մեցոլան:

Նա ընդգծել է, որ կոչ են անում վճռական գործողությունների, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանման այդ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ. «Եվ բոլոր 27 անդամ երկրներին խնդրում ենք համախմբվել և համաձայնության գալ այդ միջոցների շուրջ»:

Մեցոլայի խոսքով՝ Զուրաբիշվիլիի հետ խորհրդակցություններ են ընթանում այն ​​մասին, թե վերջինս ինչ ձևաչափով կներկայանա Եվրախորհրդարանին։