
ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի՝ Վրաստանում իրենց գործունեության վերաբերյալ արված հայտարարությանը: ԱՄՆ դեսպանատունը Մդինարաձեի հայտարարութունը «ծայրեծայր սուտ» է որակել:
«Պարոն Մդինարաձեի այսօրվա հայտարարությունները ծայրեծայր կեղծ են և վկայում են նրա անտեղյակության մասին, թե ԱՄՆ դեսպանատունն ինչ է անում՝ աջակցելու համար նախագահ Թրամփին և քարտուղար Ռուբիոյի գլխավոր առաջնահերթություններին՝ Ամերիկան դարձնել ավելի անվտանգ, ուժեղ և ավելի բարգավաճ», — ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Մդինարաձեն փետրվարի 3-ին կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, թե «ԱՄՆ նորընտիր կառավարության հայտարարությունները տարբերվում են Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գործողություններից»։ Նա հույս է հայտնել, թե «սա շատ շուտով կշտկվի»։
Հիշեցնենք. 2024-ի դեկտեմբերի 27-ին Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու, մարդու իրավունքները ոտնահարելու և հիմնարար ազատությունների պաշտպանությանը խոչընդոտելու համար ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ: