Թբիլիսիում կողոպտել են Վրաստանի «Շարժում ժողովրդի համար» քաղաքական հարթակի առաջնորդ, Արդարադատության բարձրագույն խորհրդի նախկին անդամ Աննա Դոլիձեի մոր բնակարանը:
Մեկ սենյականոց բնակարանը գտնվում է մայրաքաղաքի ծայրամասային` Դիդի Դիղոմի թաղամասում և հանրային ռեեստրում գրանցված է Դոլիձեի անունով:
«Սա շատ ցավալի փաստ է: Դժվար է հավատալ` որքան է քրեականացվել մեր երկիրը. տարեց թոշակառու կնոջ մեկ սենյականոց բնակարան են կողոպտում` մտածելով, թե հատուկ հարստություն կա: Սա նշանակում է` կամ գողություններին չափ ու սահման չկա, կամ էլ այլ մոտիվ է, քանի որ այդ տունը ռեեստրում իմ անունով է գրանցված: Դրդապատճառները մոտ ապագայում կպարզվեն: Ես մի քանի օր կսպասեմ իրավապահների քայլերին: Փաստ է, որ գողություն է արվել բազմաբնակարանում, որտեղ շատ մարդ է ապրում։ Իսկ մեկ սենյականոցում փաստացի միայն մայրս է ապրում, որտեղ պարզ է, որ մեծ հարստություն չէր պահվում: Հետաքննությունը նախնական գործողություններ արդեն կատարել է, բայց պետք է սպասենք երևի մոտ մեկ շաբաթ, ու կերևա` որքանով են իրավապահներն իրապես շահագրգռված գործը բացահայտելու ու ինչ—որ մեկին գտնելու»,- Ալիքի հետ զրույցում ասաց Աննա Դոլիձեն:
Կողոպուտի պահին Դոլիձեի 75-ամյա մայրը աշխատանքի է եղել. Նա տնօրինում է քաղաքի հյուրանոցներից մեկը: Տուն է վերադարձել ու բնակարանը գտել տակնուվրա արված: Դուռը բաց է եղել, տարել են տարեց կնոջը պատկանող ոսկե և արծաթե զարդերը` մի քանի ապարանջան:
Ընդդիմադիր քաղաքական գործիչն ասում է` կամ փաստաթղթեր են փնտրել, կամ կանխիկ գումար. որոշ իրեր թողել են, վերցրել են ամենաարժեքավորները: Ըստ Դոլիձեի` կամ էլ գործում է կազմակերպված խումբ, որը վստահ է, որ անպատիժ է մնալու: Բազմաբնակարանը տեսախցիկներ չունի, սակայն մոտակայքում մթերային խանութներ կան, որոնք ունեն անվտանգության տեսախցիկներ: Տեղեկություններ կան, որ նույն երեկոյան Թբիլիսիում մի քանի նմանատիպ կողոպուտներ են եղել:
Դոլիձեն տան կողոպուտի լուսանկարները հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: Օգտատերերի մի մասը կարծիք է հայտնել, որ սա ընդդիմադիր գործչին վախեցնելու, զգուշացնելու ու լռեցնելու մեսիջ է: Դոլիձեն ասում է` չի վախենում նման մեսիջներից, պարզապես անհանգստացել է տարեց մայրիկի համար։ Ստացվում է, որ նրանք իրենց երկրում պաշտպանված ու ապահով լինելու զգացում չունեն. ծայրամասային, ոչնչով աչքի չընկնող բնակարանը կարող է կողոպուտի օբյեկտ դառնալ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի հետ կապված քննություն է սկսել «կողոպուտ`ապօրինի ներխուժման միջոցով» հոդվածով: