Մայրաքաղաքի տոնածառի ճակատագիրն անորոշ է

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում շարունակվող եվրոպամետ ակցիաների ֆոնին դեռ հայտնի չէ, թե երբ և որտեղ կտեղադրվի Թբիլիսիի գլխավոր տոնածառը։

Տոնածառի պահպանման և հավաքման համար պատասխանատու «Թբիլսերվիս» գործակալության մամուլի քարտուղարությունից Radiotavisupleba լրատվամիջոցին հայտնել են՝ տոնածառի տեղադրման նախապատրաստական ​​աշխատանքները սկսելու խնդրանքով քաղաքապետարանի համապատասխան գրասենյակ չեն դիմել:

«Սովորաբար նախապատրաստական ​​աշխատանքները սկսվում են դեկտեմբերի սկզբին։ Մինչև բողոքի ցույցերն այդպես էր նախատեսված, բայց հիմա, առայժմ, տեղեկություն չունենք, թե երբ կսկսվի այդ գործընթացը»,- ասել են «Թբիլսերվիս»-ից:

Անցյալ տարի Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը միացրել են դեկտեմբերի 15-ին, 2021 և 2022 թվականներին՝ դեկտեմբերի 10-ին:

2023 թվականին նոր տոնածառի տեղադրումն ու զարդարումը արժեցել է 720 հազար լարի։

Նկատենք, որ մայրաքաղաքի գլխավոր տոնածառը մշտապես տեղադրվել է խորհրդարանի շենքի առջև, որն այսօր բողոքի ակցիաների հիմնական վայրն է: