Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտահոգված է «Բաթումելեբի»-ի և «Նետգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությամբ և հույս ունի, որ իշխանությունը արագ կգործի։
«Ես վերադարձա Վրաստանից չափազանց անհանգստացած։ Ես շատ անհանգիստ եմ բանտում հացադուլի մեջ գտնվող լրագրողի համար»,- հունվարի 30-ին Ստրասբուրգում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է հանձնակատար Օ՛Ֆլաերտին։
«Այս հարցը պահանջում է հրատապ գործողություն, քանի որ դա կյանքի ու մահվան հարց է»,- ասել է նա։
Նշենք, որ Մզիա Ամաղլոբելին արդեն 19 օր հացադուլի մեջ է։ Ըստ նրա շահերը պաշտպանող կազմակերպության՝ նրա կյանքին վտանգ է սպառնում, և հունվարի 30-ի դրությամբ «նա արդեն դժվարությամբ է անցնում փաստաբանի հետ հանդիպման համար անհրաժեշտ ճանապարհը»։