Այսօր՝ մայիսի 9-ին, երբ Վրաստանը պաշտոնապես նշում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, կրկին ակտիվացել են քննարկումները օրվա տոնակատարությունը մայիսի 8-ը տեղափոխելու շուրջ։
77 տարի առաջ հաղթանակած երկրները, այդ թվում՝ Վրաստանը, օրը տոնում են մայիսի 9-ին։ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները այս տոնը, սակայն, նշում են մայիսի 8-ին։
Վրաստանում ևս շատերը հարկ են համարում հաղթանակի օրը նշել մայիսի 8-ին։ Դեռ ամիսներ առաջ բողոքի ալիք սկսվեց՝ հաղթանակի տոնը նշել Եվրոպայի հետ:
Վրացի պատմաբան Գիորգի Մեսխիշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ մայիսի 8-ն ավելի նշանավոր և կարևոր ամսաթիվ է, սակայն հաղթանակի վերջնական լուրը Վրաստան է հասել մայիսի 9-ին․
«Բոլորիս հայտնի է, որ այստեղ մեծ դեր է կատարում նաև երկրի աշխարհագրական տեղակայվածությունը, քանի որ Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում Գերմանիան կապիտուլյացիան ստորագրել է նախօրեին՝ մայիսի 7-ին, թեև Իոսիֆ Ստալինը ցանկանում էր, որ Գերմանիան վերահռչակեր իր կապիտուլյացիան Բեռլինում, իսկ փաստաթուղթն էլ ստորագրի ավելի բարձրաստիճան ներկայացուցիչ։
Բեռլինում կապիտուլյացիան Գերմանիան ստորագրել է մայիսի 8-ի ուշ գիշերը, իսկ ռազմական գործողությունները դադարեցվել են մայիսի 8-ին ժամը 23:01-ին։ Մոսկվայում այդ ժամանակ մայիսի 9-ի արդեն ժամը 01:01-ն էր, դա նշանակում է, որ Վրաստանում այդ ժամանակ 00:01 էր » — ասում է պատմաբանը։
Մեսխիշվիլին նշում է, որ կովկասյան երկրները, ինչպես նաև մի քանի այլ երկրներ, որտեղ հիմնականում Կարմիր բանակն է եղել, հաղթանակի օրը նշում են մայիսի 9-ին վետերանների համար․
«Վրաստանում, Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում հաղթանակի օրը նշվում է մայիսի 9-ին, դրա հիմնական պատճառը վետերանների մեծ թիվն է։ Իմ կարծիքով պետությունը հավանաբար իրավունք էլ չունի նրանց համար այս ընդունված տոնի ամսաթիվը փոխել, չնայած ակնհայտ է, որ Ռուսաստանը մայիսի 9-ին նշելով, ուզում է ցույց տալ իր գերակայությունը որպես պատերազմի հաղթանակը նշող գլխավոր պետություն» — նկատում է նա։
Երիտասարդ քաղաքագետ Իրակլի Յագորաշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ կողմ է հաղթանակի օրը մայիսի 8-ին՝ Եվրոպայի հետ նշելուն, վերջինս իր կարծիքը պարզաբանում է հետևյալ կերպ․
«Իմ կարծիքով մայիսի 8-ը ճիշտ է, քանի որ Գերմանիան կապիտուլյացիայի մասին հայտարարեց մայիսի 8-ի ուշ երեկոյան, ԽՍՀՄ-ում այն ժամանակ մայիսի 9-ն էր, բայց կապիտուլյացիան տեղի ունեցավ մայիսի 8-ին, ըստ այն վայրի, որտեղ ստորագրվել է, այսինքն Գերմանիայում։
Խորհրդային Միությունը մայիսի 9-ը հռչակեց հաղթանակի օր, որովհետև պարզ էր՝ այս հաղթանակով կբաժանվեր Եվրոպայից, չէին հնչի այլ պետությունների անուններ, հետագայում ևս կասվեր, որ միայն ԽՍՀՄ-ն է հաղթել այս պատերազմում։ Այժմ էլ Ռուսաստանը որպես ԽՍՀՄ-ի գլխավոր հետնորդ-պետություն նշում է մայիսի 9-ին, Եվրոպայից զատ, ներկայացնելով այն, որ ինքն է եղել պատերազմի գլխավոր դերակատարը» — ասում է Յագորաշվիլին։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Վրաստանում առաջ քաշվեց ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը՝ արագացված կարգով քննարկելու ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տոնակատարությունը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու մասին օրինագիծը, ինչը, սակայն չպաշտպանեց իշխող «Վրացական երազանքը»։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ի պատասխան ասել էր, որ մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշվում է ոչ միայն Վրաստանում և Ռուսաստանում, այլև Ռումինիայում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրում, ինչպես նաև Իսրայելում:
«Վրացական երազանք»-ի պատգամավորներն ընդգծում են նաև, որ որոշումների կայացման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել վետերանների կարծիքը, ովքեր սովոր են այս տոնը նշել մայիսի 9-ին։
Նշենք, որ այս օրը հետխորհրդային երկրները նշում են 1945 թվականից: Այն սահմանվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ստորագրումից հետո՝ 1945 թվականի մայիսի 8-ին։ Բեռլինում ստորագրման արարողությունից հետո մայիսի 9-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտնեց հաղթանակի մասին:
Երկրորդ համաշխարհային պատերազմը պատմության մեջ մտավ որպես ամենամեծ և արյունալի հակամարտություն: 1941-1945 թվականների պատերազմում զոհվեց ավելի քան 300 հազար մարդ։