2024 թվականի մայիսի 16-ից (հուլիսի 22-ի դրությամբ) գրանցվել է անօրինական «սահմանազատման» ութ դեպք։
Այդ մասին Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանի մերձակայքում գտնվող Գորիի Էրգնեթի գյուղում Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) ներկայացուցիչների 120-րդ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) վերլուծական բաժնի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն։
«Ութ դեպքից հինգը գրանցվել է մայիսին, երեքը՝ հունիսին։ Այս գործընթացն ընդգրկել է Գորիի և Քարելիի մունիցիպալիտետները, ինչպես նաև Դուշեթիի մունիցիպալիտետը՝ Գրեմիսխևիի մերձակայքը։ Ինչ վերաբերում է գործունեությանը, ապա ներկայացվել է այդ անօրինական գործողությունների ողջ պատկերը»,- ասել է Անթաձեն։
Ի դեպ, IPRM ձևաչափը ստեղծվել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, որին մասնակցում են Վրաստանի կենտրոնական իշխանության, Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարության և Ռուսաստանի օկուպացիոն ուժերի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
Այսօրվա աշխատանքային հանդիպմանը վրացական կողմը բարձրացրել է երկու հիմնական խնդիր՝ օկուպացված տարածքում ապօրինաբար ձերբակալված Վրաստանի քաղաքացիների ազատ արձակումը և սահմանի հետ կապված միջադեպերը։
Անթաձեն հանդիպումից առաջ լրագրողներին հայտնել է նաև, որ Հարավային Օսիայում այսօրվա դրությամբ անօրինական կալանավորված է Վրաստանի ութ քաղաքացի։