Ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, կառավարության կողմից պաշտոնապես հայտարարված ոչ աշխատանքային օրը, խորհրդարանում իրավական հարցերի հանձնաժողովի նիստ կկայանա։
Օրակարգի համաձայն, իրավական հարցերի հանձնաժողովը մայիսի 10-ին պետք է քննարկի 3 հարց. դրանց թվում «գործակալների մասին օրենքը» նշված չէ: Հանձնաժողովն աշխատանքը կսկսի առավոտյան ժամը 09:00-ին։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նիստը նշանակվել է մայիսի 10-ին, քանի որ իրավական հանձնաժողովը բազմաթիվ հարցեր է կուտակել, որոնք հանձնաժողովը կքննարկի ուրբաթ օրը։ Ըստ նույն աղբյուրի՝ կոմիտեն «ռուսական օրենքը» կքննարկի երկուշաբթի՝ մայիսի 13-ին։
Ըստ ընդդիմադիրների և քաղհասարակության, չնայած այս հայտարարությանը` չի կարելի վստահ լինել, որ «ռուսական օրենքը» չի քննարկվի մայիսի 10-ին։ Նրանց կարծիքով, եթե իշխող «Վրացական երազանքը» որոշի մայիսի 10-ին հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ քննարկել «ռուսական օրենքը», ապա կարող է հարցը ներառել ուրբաթ օրվա նիստի օրակարգում, քանի որ «Վրացական երազանքը» դրա համար բավարար ձայներ ունի:
Հիշեցնենք, մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «գործակալների օրենքը»։ Եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ուժի մեջ մտնի, ապա օտարերկրյա դոնորներից իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացող լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես «օտար տերության շահեր կրող կազմակերպություններ»։
Օրինագծի ընդունմանը զուգահեռ սրվում են Վրաստանի հարաբերությունները մշտական ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։