Մայիսի 16-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) արտարժույթի աճուրդում վաճառել է 168,7 մլն դոլար, ինչը շուրջ 2 մլն-ով գերազանցում է 2023 թվականի ընդհանուր տվյալները։ Այս տեղեկությունը հրապարակել է BPN լրատվամիջոցը՝ վկայակոչելով ԱԲ-ի տվյալները:
Ըստ տեղեկության՝ արտարժույթի աճուրդում ԱՄՆ դոլարի առևտրի (վաճառքի) դինամիկան հետևյալն է.
- մայիսի 16՝ 60 մլն դոլար,
- մայիսի 28՝ 48,7 մլն դոլար,
- հունիսի 11՝ 60 մլն դոլար։
2023 թվականի ընթացքում Վրաստանը վաճառել է 166,750 միլիոն դոլարի արտարժույթ, ինչը 1,2 տոկոսով պակաս է այսօրվա ցուցանիշից։
Ուշագրավ է, որ մինչև 2023 թվականի հունիսի 11-ը ԱԲ-ն վաճառել է ընդամենը 17,1 մլն դոլար։ Նախորդ տարվա արտարժույթի աճուրդում ԱԲ-ն արտարժույթի հիմնական մասը (149,65 մլն դոլար) դուրս է բերել սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։
Նշենք նաև, որ Վրաստանում, «գործակալների օրենքի» ընդունմանը զուգահեռ, դոլարի և ավելի քան 40 այլ արժույթների նկատմամբ լարիի արժեզրկում է սկսվել: