Massive Attack խմբի համերգը չեղարկվել է

Հուլիսի 28-ին նախատեսված բրիտանական Massive Attack խմբի համերգը չեղարկվել է, տեղեկացնում է Վրաստանի ծովափնյա Շեկվեթիլիում գտնվող Black Sea Arena համերգասրահը:

Հայտարարության մեջ չի պարզաբանվում համերգի չեղարկման պատճառը, միայն գրված է, որ տոմսատերերը փուլ առ փուլ կփոխհատուցվեն։

Ապրիլի 25-ին «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը վրաց ժողովրդի անունից դիմել էր խմբին և կոչ արել Massive Attack-ին, մինչ Վրաստանում համերգ անցկացնելը՝ տեղեկանալ Վրաստանում տիրող «տագնապալի քաղաքական իրավիճակի»:

Շարժման տարածած կոչում նշվել էր «օլիգարխիկ կառավարման», «գործակալների օրենքի», սահմանադրական փոփոխության՝ «հակԼԳԲՏ օրենքի», «օֆշորային օրենքի» և «բռնի ռեպրեսիաների» մասին։ Նրանց խոսքով, Վրաստանի իշխանությունը ցույցերի ժամանակ «բռնությամբ է պատասխանում» ժողովրդավարական արժեքների համար պայքարող հասարակությանը։

Մայիսի 3-ին երաժշտական ​​խումբը X սոցիալական ցանցի իրենց էջում համերաշխություն է հայտնել վրացի ուսանողներին, ովքեր մասնակցել են իշխող թիմի նախաձեռնած «գործակալների օրենքի» դեմ ցույցերին: