
«Մասնակցիր ընտրություններին և շահիր Տեսլա».«Գիրչի» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացիների համար «Տեսլա» ավտոմեքենաներ կխաղարկի: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:
Ջափարիձեի խոսքով՝ մեքենաները կգնեն այն գումարով, որը կստանան պետության կողմից՝ ընտրություններին մասնակցելու համար կուսակցության ֆինանսավորման շրջանակներում:
Նրա խոսքով՝ խաղարկությանը մասնակցել կկարողանան բոլորը, ովքեր գրանցված են ԿԸՀ-ի ընդհանուր ցուցակում և հոկտեմբերի 31-ին կքվեարկեն իրենց նախընտրած կուսակցության օգտին։ Քվեարկությունից հետո խաղարկությանը մասնակցությունը հաստատելու համար քաղաքացին պետք է ընտրատեղամասի մոտ սելֆի անի և նկարը վերբեռնի ֆեյսբուքի անձնական էջում:
Ըստ Ջափարիձեի՝ իրենց կուսակցությունը չի ցանկանում վերցնել քաղաքացիների հարկերից ստացված գումարը և որոշել են այդ գումարով քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու մոտիվացիան բարձրացնել: