«ՄԱՇ-ն ու նրա արբանյակները չեն մասնակցի ընտրություններին». Մդինարաձե

«Վրացական երազանք»-ը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ իր ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար։

«Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է, որ «դա է լինելու պատճառը, որ «Միացյալ ազգային շարժում»-ը (ՄԱՇ) և նրա արբանյակները չեն կարողանալու մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին»:

«Նրանք դեռ ասում են, որ չեն մասնակցելու ինքնակառավարման ընտրություններին: Իրականում ոչ թե չեն մասնակցելու, այլ չեն կարողանալու մասնակցել ինքնակառավարման ընտրություններին: Սա կապահովի վրացական պետությունը և նրա սահմանադրական կարգը… Հավաքական «Ազգային շարժումն» այլևս չի կարողանա մասնակցել ոչ միայն ինքնակառավարման ընտրություններին, այլև այս երկրում անցկացվող ցանկացած ընտրության. որպես հակավրացական, հակապետական, ապազգային և հանցավոր կուսակցություններ` նրանք կճանաչվեն հակասահմանադրական կուսակցություններ, և կարգելվի նրանց գործունեությունը», — ասել է Մդինարաձեն:

Նրա խոսքով, քննչական հանձնաժողովն իրավական հիմքեր կստեղծի ՍԴ դիմելու համար. «Նույնիսկ այս փուլում պարզ է, որ քննչական հանձնաժողովի եզրակացությունը ամուր իրավական հիմք կհանդիսանա այս կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար, և մենք վստահ ենք, որ Սահմանադրական դատարանը նույնպես օբյեկտիվ որոշում կկայացնի»։

Նույն ճեպազրույցում Մդինարաձեն ասել է, որ «Վրացական երազանք»-ն ընդլայնում է խորհրդարանում իրենց ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի մանդատը. նրանց գործունեությունն այլևս չի սահմանափակվելու ՄԱՇ-ի իշխանության ժամանակով (2003-2012 թթ.), ներառելու է նաև 2012 թվականից հետո ժամանակահատվածը:

Հանձնաժողովի մասին

ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.

  • բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
  • սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
  • կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
  • 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
  • Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։

Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։

Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.

  • «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
  • Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։

ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: