«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցությունը դադարեցնում է իր աշխատանքը խորհրդարանում և անցնում արտակարգ ռեժիմի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ Լևան Խաբեիշվիլին։
«Ձեր անհոգ կյանքն ավարտվել է, «Ազգային շարժումը» ժամանակ չունի «Վրացական երազանքի հետ խաղալու», քանի որ Վրաստանի երրորդ նախագահի կյանքին վտանգ է սպառնում», — դիմել է Խաբեիշվիլին իշխող կուսակցությանը Թբիլիսիի դատարանի որոշումից հետո, որը կալանքի տակ է թողել Միխեիլ Սաակաշվիլիին։
Նշենք, որ երեկ՝ փետրվարի 6-ին, Թբիլիսիում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տան մոտ, տեղի է ունեցել ՄԱՇ-ի բողոքի ակցիան։
Հունվարի վերջին կայացած ընտրությունների արդյունքում Լևան Խաբեիշվիլին դարձավ ՄԱՇ-ի նախագահ։ Նա փոխարինեց Նիկա Մելիային, որին հակառակորդները մեղադրում էին Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակում անվճռականության և անգործության համար։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։ Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:
2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր: Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։