Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահի ընտրությունների հետ կապված ստեղծվել է յոթ հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը կզբաղվի տեխնիկական հարցերի, այդ թվում՝ ընտրությունների կանոնակարգի մշակմամբ։
Այս մասին հայտնել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գիորգի Բարամիձեն։
Բարամիձեի խոսքով, խմբի խնդիրն է մինչև նոյեմբերի 22-ը մշակել համապատասխան կանոնը, որը կհաստատի քաղխորհուրդը, այնուհետև կսկսվի նախագահի թեկնածուների քարոզարշավը:
«Մեր ջանքերն ուղղված են այս սկզբունքն իրացնելուն, որպեսզի հնարավորինս շատ մարդ մասնակցի ընտրություններին։ Նախորդ ընտրություններին մասնակցել է մոտ 20 հազար մարդ՝ մեր անդամներն ու համախոհները»,- ասել է Բարամիձեն։
Աշխատանքային խմբի անդամներն են․
- Գիորգի Բարամիձե,
- Նինո Կվիտաիշվիլի,
- Թոռնիկե Բիկաշվիլի,
- Գիորգի Բոտկովելի,
- Լևան Բեժաշվիլի,
- Իվանե Պետրիաշվիլի,
- Բաչո Դոլիձե:
Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՄԱՇ անդամները պահանջում են կուսակցությունում ներքին ընտրություններ անցկացնել, որոնք կազդեն նախագահի, քաղխորհրդի ու քաղաքական քարտուղարության վրա։
ՄԱՇ անդամները նշել են, որ, իրենց կարծիքով, որոշ կուսակցականների՝ կուսակցությունում ներքին ընտրություններ անցկացնելու հանրային պահանջը սխալ էր։ ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիան պատրաստակամություն է հայտնել անցկացնել ներկուսակցական ընտրություններ և մասնակցել դրանց։