ՄԱՇ-ը վաճառում է գլխավոր գրասենյակի շենքը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը վաճառում է կուսակցության գլխավոր գրասենյակի շենքըհայտնում են ՄԱՇ-ից։

Թբիլիսիի Կախեթիի մայրուղու վրա կառուցված նոր շենքը կուսակցության սեփականությունն է 2010 թվականից։ Գրասենյակի վաճառքի պատճառը, մի կողմից, ֆինանսական դժվարություններն են, որոնք առաջացել են պատգամավորական մանդատներից հրաժարվելուց հետո բյուջեի ֆինանսավորման դադարեցման հետևանքով, իսկ մյուս կողմից՝ կուսակցության գրասենյակը հնարավորինս շատ քաղաքացիների ավելի հասանելի դարձնելու ցանկությունը։

ՄԱՇ-ը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններում, որոնք կեղծ են գնահատվել ինչպես ընդդիմության, այնպես էլ հասարակության մի զգալի մասի ու միջազգային գործընկերների կողմից, ստացել է ձայների 10,17 տոկոսը` 16 մանդատ խորհրդարանում։ 5 տոկոսանոց շեմը հաղթահարած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են խորհրդարան մտնել:

Վրաստանի քաղաքացիները շարունակաբար բողոքում են և պահանջում նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել բողոքի ակցիաներին մասնակցած և հակակառավարական ցույցերի ժամանակ տարբեր մեղադրանքներով ձերբակալված ակտիվ քաղաքացիներին։