Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր, երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը մի շարք շրջաններում ցույցեր է կազմակերպում՝ Սաակաշվիլիին արտերկիր բուժման տեղափոխելու պահանջով։
Այսօր՝ փետրվարի 9-ին, ցույցեր են ընթանում Խելվաչաուրիում, Սիղնաղիում, Մառնեուլիում, Զեստափոնիում և Բորջոմիում: ՄԱՇ անդամները տարբեր քաղաքներում ներկա են ցույցերին։ Զեստափոնիում ցույցին միացել է ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլին։
ՄԱՇ անդամ Պետրե Ցիսկարիշվիլին ասել է, որ կուսակցությունը ցույցեր կանցկացնի Վրաստանի բոլոր քաղաքներում, իսկ փետրվարի 20-ին Թբիլիսիում կանցկացվի մեծամասշտաբ հանրահավաք:
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Սաակաշվիլին շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատավորը չի հաստատել Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը։
Քաղաքային դատարանի որոշումից հետո ՄԱՇ-ում տեղի է ունեցել ճեպազրույց` կուսակցության հետագա անելիքների թեմայով։ Խաբեիշվիլին հայտարարել է, որ կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական գործունեությունը և անցնում ամենօրյա բողոքի ռեժիմի։