Վրաստանի ամենամեծ և ազդեցիկ, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը նորընտիր նախագահ ունի` Լևան Խաբեիշվիլի: Համախոհները Խաբեիշվիլիից ակնկալում են առավելագույն ակտիվություն և Սաակաշվիլիին բանտից ազատումը։ Հիշեցնենք, որ Խաբեիշվիլին 5 180 ձայնով (52,58 տոկոսով) հաղթել է ՄԱՇ-ի արդեն նախկին նախագահ Նիկա Մելիային. նա հավաքել է 40 տոկոս ձայն:
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Մելիայի կողմնակիցները մեկը մյուսի հետևից լքում են կուսակցության շարքերը, իսկ Խաբեիշվիլին պայքարը սկսում է 12 կետանոց ծրագրով։ Նրա խնդիրն է ուժեղացնել կուսակցությունը և «բանակ ստեղծել ռազմաճակատ գնալու համար»։
Ինչ է կատարվում ՄԱՇ-ում ընտրություններից հետո, և իրադարձությունները ինչպես կարող են զարգանալ
Այն բանից հետո, երբ Խաբեիշվիլին ընտրություններում հաղթող հռչակվեց, սոցցանցերում կուսակցության կողմնակիցները, այդ թվում՝ հեգնանքով, ակտիվորեն հիշեցնում էին Խաբեիշվիլիի նախընտրական հայտարարությունների մասին, ըստ որոնց` «անհրաժեշտության դեպքում Խաբեիշվիլին ֆիզիկական ուժ կկիրառի Սաակաշվիլիին ազատելու համար» և չի խուսափի կլինիկա մտնելուց։
Խաբեիշվիլիի հաղթանակից հետո կուսակիցների հնչեցրած հայտարարություններն ու ներկուսակցական իրադարձությունները
Չնայած նախընտրական լարված դիմակայությանը, կուսակցության նախկին նախագահ Մելիան շնորհավորել է մրցակցին հաղթանակի կապակցությամբ և ասել, որ կուսակցության համար կարևոր է «իշխանության խաղաղ փոխանցման պրակտիկայի» պահպանումը։ Սակայն, ճեպազրույցում նա բազմիցս կրկնել է, որ կուսակցությունը պետք է կառավարել «արժանապատվորեն ու ճշմարտությամբ»։
Մելիան նշել է, որ կմնա կուսակցության շարքերում` « քանի դեռ Սաակաշվիլին ռուսական ռեժիմի անձնական գերին է»:
Խաբեիշվիլիի հաղթանակից հետո որոշ ՄԱՇ քաղաքական գործիչներ լքում են իրենց կուսակցական պաշտոնները: ՄԱՇ-ի քաղխորհրդի նախագահի պաշտոնը և քաղխորհուրդը լքել է Կոբա Նակղոփիան: Սակայն, նրա հավաստմամբ՝ ինքը կուսակցությունում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Սաակաշվիլին ազատ չի արձակվել և տեղափոխվել բուժման արտերկիր:
ՄԱՇ-ի քաղաքական քարտուղար, քաղխորհրդի փոխնախագահ Ակակի Մինաշվիլին ևս լքել է պաշտոնը. «Հաղթողը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն լրացնելու կառավարման օղակը»:
Պաշտոնից հեռացել է նաև ՄԱՇ-ի Բաթումիի գրասենյակի ղեկավար Գիորգի Կիրթաձեն. «Բայց դա չի նշանակում, որ ես անձամբ կամ կուսակցության որևէ անդամ դուրս ենք գալիս ՄԱՇ-ից»:
ՄԱՇ կուսակցության նախագահի թեկնածու Գիորգի Մումլաձեն ևս շնորհավորել է Խաբեիշվիլիին ներկուսակցական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Մումլաձեն ընտրություններում հավաքել է 3,68 տոկոս։
Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, Խաբեիշվիլիի հաղթանակից հետո ասել է, որ, չնայած Սաակաշվիլիին այլևս չի հետաքրքրում վրացական քաղաքականությունը կամ կուսակցությունը, այնուամենայնիվ երրորդ նախագահը ցանկանում է պահպանել կուսակցության ամբողջականությունը:
«Մեծ ցանկություն կա, որ բոլորը հիշեն` միասնության մեջ կա ուժ, և փլուզման մասին խոսք չի կարող լինել»,- ասել է Ալասանիան։
Իշխող կուսակցությունում Խաբեիշվիլիի հաղթանակը ՄԱՇ-ին «արժանի են» որակում
«Վրացական երազանք»-ի պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեի կարծիքով, ՄԱՇ-ի նոր նախագահը «ավելի շատ ավերածություններ կբերի կուսակցությանը: Նրա գնահատմամբ՝ Խաբեիշվիլիի հաղթանակը կուսակցությանը ոչ մի հաջողություն չի բերի։
«Վրացական երազանք»-ի անդամ Իրակլի Զարկուան շնորհավորել է Խաբեիշվիլիին: Նա ասել է, որ ուրախ կլինի, եթե Խաբեիշվիլին դասեր քաղի իր նախորդների սխալներից և աշխատի այդ սխալներն ուղղելու ուղղությամբ:
«Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլին նշել է, որ Խաբեիշվիլին անվրեպ արտահայտում է ՄԱՇ-ի ապակառուցողական և կիսահում դեմքը:
Քաղաքագետներն ընտրությունները դրական են գնահատում, սակայն չեն շրջանցում Խաբեիշվիլիի «արմատական» լինելը
Քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ Դավիթ Զուրաբիշվիլիի խոսքով, իրեն չի զարմացնում Խաբեիշվիլիի հաղթանակը, ոչ էլ Մելիայի մնալը կուսակցությունում: Նրա խոսքով, ՄԱՇ-ի վարկանիշին մեծ անկում չի սպասվում:
«Չեմ սպասում, որ այսուհետ ՄԱՇ-ը կունենա նախկինից էականորեն տարբեր օրակարգ։
Իսկ ընդհանրապես, եթե հնարավոր չլինի ձևավորել քաղաքական ուժ կամ ուժեր, որոնք հասարակության ազգային ու ապազգային հատվածների կողմից կընկալվեն որպես իշխանության դեմոկրատական այլընտրանք, ապա ՄԱՇ-ի նախագահի անուն-ազգանունը ոչ մի նշանակություն չունի, քանի որ երկկուսակցական բևեռացման ֆոնին իշխող կուսակցութունը մնալու է իշխանության ղեկին նաև 2024 թվականից հետո»,- նկատել է Զուրաբիշվիլին:
Քաղաքական մեկնաբան Վախթանգ Փաբիրաձեն դրական է գնահատել ներկուսակցական դեմոկրատական գործընթացը, որը, նրա կարծիքով, ստվերվել է Վրաստանի յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ի հայտ եկած գործընթացով:
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին ևս դրական է գնահատել ժողովրդավարական գործընթացը և կարծում է, որ եթե կուսակցությունը հաղթահարի ներկայիս ճգնաժամը, հաջորդը կգա մինչև 2024 թվականը, երբ կսկսի աշխատել ընտրական կուսակցական ցուցակի վրա։
«Հասարակության մեջ ռադիկալիզմն ու հեղափոխությունները նախընտրելի չեն։ Մելիան նույնպես արմատական էր, բայց արթնացավ, հասկացավ իրականությունն ու դարձավ քաղաքական գործիչ։ Հուսանք՝ Խաբեիշվիլին կհասկանա, թե ինչ լուրջ պաշտոն է զբաղեցնում ու կսկսի ավելի չափավոր քաղաքականություն իրականացնել։ Ցանկացած արմատականություն կաշխատի միայն ՄԱՇ-ի դեմ, և հաջորդ անգամ դա կարող է նորից ներքին պառակտումների հանգեցնել»,- ասել է Զաքարեիշվիլին:
Նշենք, որ ՄԱՇ-ի նախագահի ընտրության քվեարկությունը սկսվել է հունվարի 28-ին, ժամը 10-ից հետո և ավարտվել հունվարի 30-ին, ժամը 10-ին։ Ընտրություններին գրանցվել է 49 հազար 638 մարդ։ Նրանցից քվեարկել է 41 հազար 264-ը։
Ի դեպ, 2022 թվականի նոյեմբերի 9-ին ՄԱՇ-ի անդամների մի մասը դիմել էր կուսակցության նախագահի ընտրությունների անցկացման խնդրանքով։ Նույն օրը կուսակցության արդեն նախկին նախագահ Նիկա Մելիան ասել էր, որ ընտրություններն իր համար ամենահարմար գործընթացն են, և ինքը պատրաստ է դրա մեկնարկին։