Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան երկու պայման է առաջ բերել, որոնցով դիմել է Վրաստանի կառավարությանը և իշխող ուժին։
Ինչպես Մելիան է նշել, առաջին պահանջն այն է, որ Վրաստանը պետք է միանա Եվրամիությանը՝ Ռուսաստանի համար օդային տարածքի փակման պատժամիջոցների հարցում։
«Պատմության մեջ առաջին անգամ Եվրամիությունը որոշել է զենք մատակարարել պատերազմի մասնակից պետությանը։ Բրիտանիան և Լեհաստանն այս պահին դաշինք են կազմում պատերազմող ուկրաինացիների հետ։ Շվեդիան պատմության մեջ առաջին անգամ որոշել է ռազմական օգնություն ցուցաբերել մեկ այլ պետության։ Կանադան նույնպես զենք է մատակարարում ուկրաինացիներին։ Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն կանգնած է ճշմարտության կողքին։ Ո՞ւր է այս պահին Վրաստանի կառավարությունը»,- ասել է Մելիան։
Մելիան, դիմելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ասել է, որ պետք է Վրաստանի ժողովրդի անունից միանան օդային տարածքի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին.
«Բոլորը փակեցին երկինքը, բացի մեզնից»։
Մելիայի՝ երկրորդ պահանջն այն է, որ «պուտինյան ռուսական քարոզչական» լրատվամիջոցներին պետք է արգելել Վրաստանում գործել։
«Սա այն հարթակը չէ, որտեղից լուրեր են շրջանառվում։ Սա այն հարթակն է, որտեղից ոտնահարվում է մեր երկրի ազատությունն ու արժանապատվությունը»,- ասել է Մելիան։
Վրաստանի փոխվարչապետ Թեա Ծուլուկիանին էլ կիսում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունները Ուկրաինայում ռուսական պատերազմի վերաբերյալ։
Ծուլուկիանիի խոսքով՝ «կասկածելի» է, որ Արևմուտքի պատժամիջոցները կկարողանան դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:
«Ես այս կառավարության անդամն եմ, այս վարչապետի նշանակած կառավարությունում եմ, փոխվարչապետ եմ։ Վրաստանի վարչապետը մի պարզ բան է ասում, որ պատերազմի մասշտաբները, որը, ցավոք, տարածվել է մեր մայրցամաքում, իսկ այս դեպքում՝ Ուկրաինայում, կասեցնելու համար դժվար թե կարողանա իրականացնել այն պատժամիջոցները, որոնք մշակվել են»,- ասել է Ծուլուկիանին։
Ըստ Ծուլուկիանիի՝ Վրաստանը «ամենազոր» չէ, և նրա ազգային շահերից է բխում երկրում պատերազմ թույլ չտալը.
«Ես հասկանում եմ, ցավալի է լսել, որ Վրաստանն ամենակարող չէ, Վրաստանը փոքր երկիր է, Վրաստանը օկուպացված երկիր է, և մենք տեսել ենք այն, ինչի միջով այժմ անցնում է մեր բարեկամ ուկրաինացի ժողովուրդը։ Ուստի, եթե մի փոքր այլ կերպ վերլուծենք իրադարձությունները, ապա կկարողանանք շարունակել աջակցել ուկրաինացի ժողովրդին մինչև վերջ, լինի դա քաղաքական, իսկ ամենակարևորն այս պահին մարդասիրական օգնությունն է խաղաղ բնակչությանը»։
Նշենք, որ այսօր կայացած կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, թե Վրաստանն ամեն ինչ անում է Ուկրաինային աջակցելու համար, իսկ ընդդիմությունը ցանկանում է կրկնել 2008 թվականի դեպքերը։