Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ձայների հաշվարկի մոտ 40% արդյունքները: Ընդդիմադիր ամենամեծ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 11 քաղաքում գլխավորում է սակրեբուլոյի համամասնական ընտրությունները:
Ըստ նախնական արդյունքների՝ ՄԱՇ-ն առաջատար է Բաթումիում, Զուգդիդիում, Ծխալտուբոյում, Դմանիսիում, Գարդաբանիում, Ռուսթավիում, Թելավիում, Ծալենջիխայում, Խուլոյում, Սենակիում և Ախմետայում: Մնացած 53 շրջաններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է առաջին տեղում:
Հիշեցնենք` Վրաստանում նախօրեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: Քաղաքացիներն ընտրեցին քաղաքային և շրջանային խորհուրդների պատգամավորների և 64 քաղաքապետերի: Վրաստանի քաղաքային և շրջանային խորհուրդները խառը համակարգով են` համամասնական և մեծամասնական: Թբիլիսիի քաղաքային խորհրդի համար անցողիկ շեմը 2,5% է, մյուս քաղաքների դեպքում`3%: Ընդհանուր առմամբ` ընտրություններին մասնակցել է 43 կուսակցություն: Ըստ ԿԸՀ -ի` ընտրատեղամասերի փակման պահին մասնակցությունը կազմել է 51,92%: