Մառնեւլիում երեկոյան ծեծի են ենթարկել Վրաստանի ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության նկարահանող խմբին:
Ըստ լրատվականի` բռնություն է կիրառվել ալիքի երկու օպերատորի և երկու լրագրողի նկատմամբ, վնասվել է նկարահանող տեխնիկան: Հեռուստաընկերությունը ներկայացնող լրագրողի վարկածով` հարձակում է կատարվել առանց պատճառի, երբ վերջինս փորձել է ձայնագրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցչին: Լրագրողներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Հեռուստաընկերությունից հայտնում են, որ այսօր միջադեպ է գրանցվել նաև իրենց նկարահանող խմբի և Մառնեուլիի սակրեբուլոյի ղեկավար Ամիրան Գիորգաձեի միջև: Նշվում է, որ պաշտոնյան վրդովվել է լրագրողի հարցից ու անցել վիրավորանքների:
Լուսանկարը` հեռուստաընկերության կայքից