Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի քաղաքի ոստիկանությունը խոշոր չափի գումարի շորթմանն աջակցելու և այլոց գույքը վնասելու փորձ կատարելու փաստերով երեք անձի է ձերբակալել:
Ըստ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության՝ ձերբակալվել են նախկինում դատապարտված, 2000 թվականին ծնված Ռ.Ա.-ն, 2002 թվականին ծնված Փ.Բ.-ն, 2001 թվականին ծնված Մ.Ե.-ն: Նրանց սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածներն արտերկրում բնակվող, այսպես կոչված, քրեական հեղինակության հրահանգով Մառնեուլիի մունիցիպալիտետում սպանելու և ունեցվածքը ոչնչացնելու սպառնալիքով քաղաքացիներից պարբերաբար պահանջել են մեծ գումար: Մերժում ստանալուց հետո Ռ.Ա.-ն տուժածներից մեկի այգու ուղղությամբ` մեքենան վնասելու նպատակով, այսպես կոչված, մոլոտովի կոկտեյլ է նետել, մեղադրյալները ևս մեկ քաղաքացու բակ են նետել սպառնալից նամակներ և 3 փամփուշտ»,- հայտնել են ՆԳՆ-ից:
Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 25-181-րդ և 19-187-րդ հոդվածներով։