«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) հայտնել է ժամը 11։00-ի դրությամբ առկա խախտումների մասին։ Կազմակերպությունը նշել է, որ Մառնեուլիի թիվ 35 ընտրատարածքում անձը, որ, թերևս, իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ է, երկու անգամ է քվեարկել։
GYLA-ի տեղեկություններով՝ բացահայտվել են ընտրողներին երկու քվեաթերթիկ տալու փաստեր ևս:
GYLA-ն նշել է՝ Էական խնդիրներ են ծագել էլեկտրոնային սարքերի ճիշտ աշխատանքի և գրանցողների կողմից գրանցման սարքի սխալ օգտագործման հետ կապված. գրանցողները սխալ են տեղադրում նույնականացման քարտերը, ուստի ստիպված են լինում տվյալները ձեռքով մուտքագրել։
Նինոծմինդայի 3-րդ տեղամասում ընտրողը մոտեցել է գրանցողներից մեկին, և այդ ժամանակ գրանցման սարքը հատուկ ազդանշան է արձակել, իսկ մյուս գրանցման սարքը նման ազդանշան չի տվել, որից հետո գրանցվել է։
GYLA-ն, ինչպես մյուս դիտորդական կազմակերպությունները, նույնպես մատնանշում է առկա թերությունները՝ կապված ընտրատեղամասերի մի մասի բացման հետ։ GYLA-ն, մասնավորապես, հայտարարել է, որ Թբիլիսիի Նաձալադևի, Կրծանիսի և Սաբուրթալոյի շրջանների մի քանի ընտրատեղամասերում առավոտյան ժամը 6:45-ից սկսվել են տեղամասերի բացման անհրաժեշտ ընթացակարգերը, տեղ-տեղ ակտիվացել են էլեկտրոնային սարքերը։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։