Մառնեուլիում ընտրակեղծարարության փառատոն էր. ԵԽ պատգամավոր

Մառնեուլիում ընտրակեղծարարության փառատոն էր իր բոլոր գույներով, դիտորդական պատվիրակության կազմում Վրաստանում ընտրություններին հետևած Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն խոսել է այն խախտումների մասին, որոնք տեսել ու արձանագրել է սեփական աչքերով։

Լուազոյի խոսքով՝ ինքն ընտրություններին հետևել է Թբիլիսիում և հարավ-արեւելյան Վրաստանի տարածքում։

Ինչ վերաբերում է խախտումներին, ապա, ըստ Լուազոյի՝ Մառնեուլիում տեսել է ահաբեկման, կեղծիքի, ձայների գնման դեպքեր։

«Ես տեսա կեղծիքների ողջ ներկապնակը։ Դիտարկել եմ 10 ընտրատարածք. դիտորդներս առնվազն 500 հոգի էինք։ Ես Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում էի, նաև հետևում էի Վրաստանի հարավ-արևելքում տեղի ունեցող գործընթացին։ Մառնեուլիում կեղծիքների իսկական փառատոն էր… Այո, քվեաթերթիկների լցոնում արկղերի մեջ, ինչպես դա արվում էր հին ժամանակներում։ «Վրացական երազանք»-ից մի մարդ եկավ՝ ընտրատեղամասի նախագահը, «Վրացական երազանք»-ի քվեաթերթիկների մի կապոց բերեց ու դրեց արկղի մեջ։ Նա ամբողջ ուժով հրում էր, քանի որ այնքան շատ քվեաթերթիկներ էր խցկում արկղի մեջ, որ չէին տեղավորվում»,- ասել է Լուազոն:

Նա նաև նշել է՝ ահաբեկումներ են եղել, վրացական բանտերից ազատված բազմաթիվ հանցագործներ կանգնած են եղել ընտրատեղամասերի առաջ: