Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Դավիթ Աղմաշենեբելիի անվան լիցեյի լիազորությունների դադարեցման դեմ կրթօջախի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել:
Նրանք բողոքում են դպրոց իգործունեության թույլտվության չեղարկման դեմ։ Տնօրեն Ախմեթ Թուղրուլիի խոսքով, Դավիթ Աղմաշենեբելիի անվան դպրոց-լիցեյը մոնիթորինգի է ենթարկվել «Կրթության որակի զարգացման ազգային կենտրոն»-ի կողմից, որի հիման վրա հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազորման խորհուրդը որոշում է կայացրել մարտի 8-ից չեղարկել դպրոցի լիազորումը։
«Մառնեուլիի մեր դպրոցը գործում է 2010 թվականից։ Մենք վրացական դպրոց ենք և դասավանդում ենք վրացական ծրագրով։ Մենք վրացերեն ենք սովորեցնում ոչ վրացի երեխաներին։ Նոյեմբերին մեզ մոտ եկավ մոնիթորինգի ծառայությունը։ Հիմքը եղել է ծնողներից մեկի բողոքը: Այցելությունից հետո գրվեց հաշվետվություն, այդ զեկույցում կար 2 սխալ և 6 հանձնարարական, որոնք ուղղեցինք և պատասխան նամակ գրեցինք»,- ասել է Թուղրուլին։
Ըստ ծնողների՝ որոշումն անարդար է։ Նրանց խոսքով, ադրբեջանական բնակչությանը հնարավորություն չի տրվում կրթություն ստանալ և հաղթահարել լեզվական արգելքը։ Ծնողները պատրաստվում են շարունակել բողոքի ակցիան, եթե իրենց պահանջը չկատարվի։
Մառնեուլիի ռեսուրս կենտրոնի տնօրեն Խանալի Գախրամանովան նշել է, որ երեխաներից ոչ մեկը դուրս չի մնա ուսումնական պրոցեսից, և նրանք ուսումը կշարունակեն տարբեր դպրոցներում: