Մառնեուլիում ավարտվել են «գյուղական աջակցության ծրագրի» շրջանակներում հանդիպումները

Մառնեուլիում ավարտվել են «գյուղական աջակցության ծրագրի» շրջանակներում բնակչության հետ հանդիպումները։ Այս մասին տեղեկանում ենք Մառնեուլիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ 

Նշվում է, որ հանդիպումների ժամանակ բնակիչներն ըստ բնակավայրերի որոշել են, թե 2022 թվականին ինչ ծրագիր են իրականացվելու իրենց գյուղերում։ 

«Մունիցիպալիտետի 17 վարչատարածքային միավորների 77 գյուղերում քաղաքապետ Քենան Օմարովի հրամանով որոշված ​​77 աշխատանքային խմբերի կողմից անցկացվել են խորհրդակցություններ։

Քաղաքապետի տեղակալ Թեմուր Շուբիթիձեն աշխատանքային խմբի հետ միասին մասնակցել է բնակչության հետ վերջին հանդիպումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ «գյուղական աջակցության ծրագրի» շրջանակներում Մառնեուլիի քաղաքապետարանի համար հատկացվել է 1 մլն 232 հազար լարի, որով կֆինանսավորվեն տարբեր ենթակառուցվածքային ծրագրեր։