Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեի հորը՝ Պաատա Շուբիթիձեին պատկանող «Քցիա» ՍՊԸ-ն (50 տոկոսը Պաատա Շուբիթիձեին է պատկանում) 2022 թվականից մինչ օրս Մառնեուլիի քաղաքապետարանից ստացել է 15 մլն 985 հազար 260 լարի և 79 թեթրի, գրում է MarneuliFM-ը:
Ի դեպ, Թեմուր Շուբիթիձեն Մառնեուլիի փոխքաղաքապետ է դարձել 2021 թվականի դեկտեմբերին, այնուհետև նրա հոր՝ Պաատա Շուբիթիձեի ընկերությունը շահել է քաղաքապետարանի հայտարարած 22 մրցույթներում։
Քաղաքապետարանի հայտարարած ճանապարհաշինական մրցույթների մեծ մասը շահում է հենց «Քցիա»-ն։
Նշենք, որ մինչ Մառնեուլիի փոխքաղաքապետ դառնալը Թեմուր Շուբիթիձեն զբաղեցնում էր քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության ղեկավարի պաշտոնը։
Պաատա Շուբիթիձեի «Քցիա» ընկերությունը Մառնեուլիի քաղաքապետարանի մրցույթները շահում է 2011 թվականից: Առաջին մրցույթը, որին նա մասնակցել է, թվագրվել է 2011 թվականի ապրիլի 13-ով, իսկ վերջին մրցույթում ընկերությունը շահել է 2023 թվականի ապրիլի 5-ին։ Այս ընթացքում ընկերությունը շահել է քաղաքապետարանի 80 մրցույթ և ստացել տասնյակ միլիոնավոր լարի։
«Քցիա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մյուս 50 տոկոսի սեփականատերը Վլադիմիր Տկղեշելաշվիլին է։ Վլադիմիր Տկղեշելաշվիլիին պատկանող բաժնեմասի կառավարիչը և ընկերության տնօրենը Քեթևան Տկղեշելաշվիլին է։ Ընկերությունը գրանցված է Մառնեուլիի մունիցիպալիտետի Արափլո գյուղում։