
Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների մուտքերի մոտ ՆԳՆ ներկայացուցիչներ են մոբիլիզացված: Գիշերվա ընթացքում տարածք է բերվել նաև հատուկ ռազմական տեխնիկա: Այս ամենն արվել է շրջանները խիստ կարանտինային գոտի վերածելու միջոցառումների շրջանակներում: Տարածքում արտակարգ դրությունը կապահովի ՆԳՆ-ն:
Միջոցառումներին միացել է նաև Պաշտպանության նախարարությունը` շրջանների մուքերի մոտ ստեղծել է անցակետեր, որոնք հսկվում են:
Հիշեցնենք, նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի:
Վարչապետի խոսքով, այսօրվանից սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները:
Արգելվում է նաև բնակիչների տեղաշարժը, բացառություն են կազմում դեպքերը, երբ շտապ անհրաժեշտություն կա: Բացառություն է կազմում նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը:
Նշենք, կփակվի նաև հիվանդանոցը, որտեղ բուժվում էր կինը, ում մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Վերջինս մասնակցել էր սգո արարողության և հիմա կոնտակտների թիվը հասնում է 490-ի: Մեկ գիշերվա ընթացքում Մառնեուլիում բացվել է նաև մոբիլ հիվանդանոց: