
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամը Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում կառուցում է ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգի մարզադաշտ:
Ըստ տեղեկության՝ ավարտվել է Մառնեուլիի մարզադաշտի հիմնական շինարարական աշխատանքը։ Ծրագրի շրջանակում արդեն կառուցվել է կենտրոնական մարզադաշտը՝ 2 000 երկրպագուների համար նախատեսված տրիբունայով։ Մարզադաշտի համալիրը կունենա հանդերձարաններ, լոգարաններ, արագ սննդի կետեր և այլ անհրաժեշտ ծառայություններ։ Կտեղադրվեն հիմնական մարզադաշտի լուսավորության, ձայնային և հրդեհային համակարգերը։ Հեռուստատեսային ռեպորտաժների համար կհատկացվեն հատուկ տարածքներ։
Մարզադաշտն ամբողջությամբ հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նոր մարզադաշտը կնպաստի առողջ ապրելակերպի բարելավմանը քաղաքի և մարզի երիտասարդության շրջանում։
Վրաստանի կառավարությունը շինարարական աշխատանքների համար հատկացրել է 8,1 մլն լարի։