Մառնեուլիի քաղաքապետարանը «Գազեթ Գուրջիստան»-ից շաբաթական 200 օրինակ կգնի: Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը գնման պարզեցված պայմանագիր է կնքել «Գազեթ Գուրջիստան» ՍՊԸ-ի հետ:
Պայմանագրի բացատրական մասում քաղաքապետարանը նշում է, որ, չնայած Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչությանը տեղեկատվության տրամադրմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներին, կան քաղաքացիներ, որոնց մի մասը հասանելիություն չունի քաղաքապետարանի պաշտոնական առցանց ալիքներին կամ տեղական ու կենտրոնական հեռուստատեսությանը։
«Բացի այդ, պետք է նշել, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի տարածքում բնակվող բնակչության մեծամասնությունը էթնիկ ադրբեջանցիներ են։
Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար ենք համարում քաղաքացիներին (հատուկ թիրախային խմբի) երկրի և Մառնեուլիի մունիցիպալիտետի նորությունների մասին անվճար տպագիր մամուլ գնել և տարածել էթնիկ փոքրամասնություններին (ադրբեջաներեն) հասկանալի լեզվով»,- նշված է բացատրականում:
Քաղաքապետարանի տեղեկություններով, թերթում պարբերաբար կտպագրվեն Մառնեուլիի մունիցիպալիտետում իրականացվող նորությունների և տարբեր միջոցառումների մասին տեղեկությունները։
Հարկ է նշել նաև, որ սեպտեմբերի 19-ին Մառնեուլիի քաղաքապետարանը 3 200 լարիի պարզեցված պայմանագիր է կնքել «Գազեթ Գուրջիստանի» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի համաձայն, ընկերությունը 16 շաբաթ Մառնեուլի պետք է հասցնի շաբաթական 200 թերթ։