Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելիի փողոցի Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջին շրջանցող երթևեկությունը թեթևացնելու նպատակով այլընտրանքային ճանապարհ է բարեկարգվում:
Marneulifm.ge լրատվականի փոխանցմամբ՝ այլընտրանքային երթևեկության ճանապարհը բարեկարգվում է կամրջի տակ գտնվող երկաթգծի վրայով: Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն ասել է, որ որոշումը կայացվել է Վրաստանի երկաթուղու հետ համաձայնեցված՝ Մառնեուլիում ծանրաբեռնված երթևեկության պատճառով։
Ըստ նրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնական կամրջի վրա աշխատանքներ են ընթանում, և դա խցանումներ է առաջացրել, որոշել են այլընտրանքային երթուղիներ գտնել։ Այլընտրանքային երթուղու բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվում են։ Կամրջի տակ գտնվող տարածքից մեքենաները կկարողանան շարժվել ուղիղ դեպի Ջորդանիայի փողոց. «Այս ամենը մեզ հնարավորություն կտա, որ շուկայի տարածքի մոտ և կամրջի տակ խցանումները գրեթե վերացվեն։ Այլընտրանքային ճանապարհը կգործի մինչև կամրջի վերակառուցման ավարտը։ Այստեղ կտեղադրվեն անվտանգության նշաններ, աշխատակից կներգրավվի անվտանգությունն ապահովելու համար, իսկ վաղվանից ճանապարհը կգործի»:
Հիշեցնենք, որ կամրջի վրա ընթացող վերակառուցման աշխատանքների պատճառով նոյեմբերի 30-ից կամուրջը 20 օրով փակվել է։
Կամրջի վերականգման աշխատանքներն իրականացնում է «Իրլանի» ՍՊԸ-ն, արժեքը կազմում է 1 մլն 878 հազար 333 լարի: Աշխատանքները շարունակվում են ավելի քան հինգ ամիս։ Մառնեուլիի քաղաքապետարանի և «Իրլանի» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի մայիսի 5-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքը պետք է ավարտվի պայմանագրի ստորագրումից հետո` 5 ամսվա ընթացքում։
Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իրլանի» ՍՊԸ-ի միջև մայիսի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ ընկերությանն աշխատանքն ավարտելու վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ը։
Մառնեուլիի կամրջի վերականգնումը սահմանված ժամկետում չի ավարտվի