Վրաստանի Մառնեուլիի հայաբնակ գյուղերում այս տարի կիրականցվեն ջրամատակարարման, ասֆալտապատման և բարեկարգման ծրագրեր։ «Ալիք Մեդիան» զրուցել է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանի հետ:
Վրաստանի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի (ՀՀ սահման) միջպետական ճանապարհին՝ Աղքյորփի գյուղի մուտքի մոտ կկառուցվի ժամանակակից կամուրջ: Հախվերդյանի խոսքով՝ հին կամուրջն ի վիճակի չէ բավարարել միջպետական ճանապարհի բեռնափոխադրման պահանջները: (Նշենք, որ խոսքը Աղքյորփի գյուղի կամրջի մասին է, որը կառուցվել է Թամար թագուհու օրոք և որի պատվին էլ գյուղը կոչվում է Աղքյորփի՝ թարգմանաբար՝ Սպիտակ կամուրջ):
Մառնեուլի մունիցիպալիտետի Աղքյորփի, Շահումյան, Ծերաքվի, Խիխիանի, Սիոնի, Ծոփի, Գյուլիբաղ, Չանախչի, Խոխմել և Օփրեթի գյուղերը սակրեբուլոյում ներկայացնող պատգամավորն առանձնացնելով 2022 թվականին նախատեսված ծրագրերը, ասում է.
«Շահումյանում արդեն իսկ ընթանում է ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը: Գյուղում նախատեսվում է իրականացնել շուրջ 2 կմ ասֆալտապատում: Բացի այդ, նպատակ կա երեխաների համար կառուցել փոքր մարզադաշտ, ինչպես նաև լուծել գյուղի 1-ին դպրոցի ջեռուցման հարցը», — ասում է Հախվերդյանը:
Ծերաքվիում, Խիխիանիում և Սիոնիում նախատեսված է իրականացնել ջրամատակարարման և բետոնապատման ծրագրեր:
Ծոփ գյուղում իրականացվելու է ներքին ճանապարհի ասֆալտապատում։
Գյուլիբաղում իրականացվելու է խմելու ջրի մատակարարման ծրագիր, որն արդեն իսկ հաստատվել է՝ 760 000 լարի արժողությամբ: Կառուցվելու է ջրամբար, որը ջուրը կհասցնի յուրաքանչյուր տուն:
Չանախչիում ևս իրականացվելու է խմելու ջրի մատակարարման ծրագիր, որն արդեն հաստատվել է՝ 800 000 լարի արժողությամբ։
Խոխմել գյուղում 1 կմ ներքին ճանապարհահատված է ասֆալտապատվելու։ Այս ծրագիրը ևս հաստատված է:
Օփրեթի գյուղում նոր, ժամանակակից մշակույթի տուն պետք է կառուցվի, ինչպես նաև 1 կմ ճանապարհահատված կասֆալտապատվի։
Նշենք, որ միայն Սադախլո-Ծոփի-Աղքյոփի ճանապարհահատվածն է իրականացվում Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի ֆինանսավորմամբ։ Համայնքային մյուս ճանապարհների վերանորոգման/կառուցման գումարի մեծ մասը հատկացվում է տեղական բյուջեից։
Արսեն Հախվերդյանը վստահեցնում է՝ նախատեսված համայնքային բոլոր նախագծերը, որ խոստացել են, այս տարի կյանքի են կոչելու: