Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանում ավարտվել են «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումները։
«Ալիք Մեդիա»-ն պարզել է ծրագրի շրջանակներում Մառնեուլիի հայաբնակ գյուղերում ընտրված առաջնահերթությունները։
- Դամիա գուղում կշարունակվի նախորդ տարվանից օգտագործման ջրի անավարտ մնացած խողովակաշարի փոխարինման աշխատանքը (Զարգարից՝ հին գյուղատեղիից հոսող ջրի): Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
- Շահումյան գյուղում կշարունակվի ցերեկային լուսավորության անցկացման աշխատանքը: Գյուղին հատկացվել է 20 հազար լարի։
- Կարմիրգյուղում կշարունակվի խաղահրապարակի բարեկարգման աշխատանքը: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի:
- Խոժոռնի գյուղում ևս կշարունակեն ցերեկային լուսավորության անցկացման աշխատանքը (հնարավոր է` այս տարի ավարտեն): Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
- Բրդաձոր գյուղում այս տարի կիրականացվի նաև 2022 թվականին չիրականացված ծրագիրը: 2023-ի բյուջեով կբարեկարգվեն գյուղ տանող ճանապարհները (գրավիտացում և այլն), իսկ 2022-ի բյուջեով՝ գյուղում կկառուցվի ժամանցի սրահ (տաղավար): Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Գյուլիբաղում խաղահրապարակը կհարստացվի նոր ատրակցիոններով, նախատեսվում են ներքին հարդարման աշխատանքներ: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
- Ծոփ գյուղում կշարունակվի 2022 թվականի բյուջեով անավարտ մնացած գերեզմանատան ցանկապատման աշխատանքը: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
- Աղքյորփիում կշարունակեն ցերեկային լուսավորության անցկացման աշխատանքը: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
- Չանախչի գյուղում կվերանորոգվի «Մշակույթի տուն»-ը: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
- Օփրեթիում ևս կշարունակեն ցերեկային լուսավորության անցկացման աշխատանքը: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Խոխմել գյուղում կբարեկարգվեն կենտրոնական հատվածում գտնվող աղբյուրները։ Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Ծերաքվի գյուղում փոքրիկ բացօթյա հանգստի գոտի կկառուցվի: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Սիոնիում փոքրիկ բացօթյա մարզասրահ կկառուցվի: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
Վերոնշյալ գյուղերը (բացի Դամիայից ու Կարմիրգյուղից) Մառնեուլիի սակրեբուլոյում ներկայացնող հայազգի պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի, ի տարբերություն նախորդների՝ «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցություններին գյուղացիները զգալիորեն ակտիվ են մասնակցում:
«Բոլոր գյուղերում էլ ակտիվություն էր նկատվում: Գյուղացիներն ազատ արտահայտում էին իրենց ցանկությունները, և հատկանշական է, որ հենց նրանց առաջադրած ցանկություններն ու գաղափարներն են մեծամասամբ ընդունվել, որպեսզի իրականացվեն»,- նշեց Հախվերդյանը:
Ի դեպ, Մառնեուլիում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցությունները մեկնարկել են փետրվարի 1-ից:
«Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2023 թվականին կենտրոնական բյուջեից Մառնեուլիին հատկացվել է 1 մլն 232 հազար լարի: Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի: