Մառնեուլիի հայաբնակ գյուղերի «Աջակցություն գյուղին» ծրագրի գնման պայմանագիր է կնքվել

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը ստորագրել է չորս պարզեցված գնում՝ «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար, գրում է MarneuliFM-ը:

Ըստ տեղեկության՝ քաղաքապետարանը 35 հազար 687 լարի արժողությամբ 4 պարզեցված գնման պայմանագիր է կնքել չորս տարբեր ընկերությունների հետ։

«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է հայաբնակ այն գյուղերի ցանկը, որոնք ներառված են քաղաքապետարանի հաստատած տարբեր ծրագրերում:

Առաջին պարզեցված գնման համաձայն, քաղաքապետարանը նախատեսում է «Գզամկվլևի 2001» ՍՊԸ-ից ձեռք բերել 7 գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման, 3 գյուղի ներքին ճանապարհների բետոնապատման և 1 գյուղում կամրջի կառուցման/վերականգնման նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերը։

  • Կկառուցվի Վերխվիանի գյուղը հայաբնակ Աղքյորփի գյուղին կապող ճանապարհը, ծրագրի արժեքը՝ 10 հազար լարի,
  • Կվերանորոգվի և ավարտին կհասցվի հայաբնակ Չանախչի գյուղի գյուղամիջյան կամուրջը, ծրագրի արժեքը՝ 24 հազար լարի,
  • Այլ՝ 9 ոչ հայաբնակ գյուղերի նմանատիպ ծրագրեր:

Քաղաքապետարանը «Հիդրոպրոեքտի» ՍՊԸ-ի հետ կ10 հազար 502 լարի պարզեցված գնման պայմանագիր է կնքել, համաձայն որի` քաղաքապետարանը «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում նշված ՍՊԸ-ից ձեռք է բերելու Մառնեուլիի մունիցիպալիտետի 8 գյուղերի ոռոգման ջրի համակարգերի կազմակերպման/վերականգնման և 3 գյուղի խմելու ջրի նախագծային և ծախսային փաստաթղթերը:

  • Հայաբնակ Դամիայի բնական աղբյուրից խմելու ջրի խողովակի վերականգնում, ծրագրի արժեքը՝ 12 հազար լարի,
  • Խոխմելի երկու աղբյուրների վերականգնում, ծրագրի արժեքը՝ 10 հազար լարի,
  • Այլ՝ 9 ոչ հայաբնակ գյուղերի նմանատիպ ծրագրեր:

Երրորդ պարզեցված գնումը Մառնեուլիի քաղաքապետարանը կնքել է «Մերկուրի+» ՍՊԸ-ի հետ։ Քաղաքապետարանը 3 800 լարի պարզեցված գնման պայմանագիր է կնքել Մառնեուլիի մունիցիպալիտետի 7 գյուղերի գերեզմանատան ցանկապատման նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար:

  • Կցանկապատվի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Ծոփ գուղի գերեզմանատունը, ծրագրի արժեքը՝ 16 հազար լարի,
  • Այլ՝ 6 ոչ հայաբնակ գյուղերի նմանատիպ ծրագրեր:

Չորրորդ պարզեցված գնման փաստաթուղթը Մառնեուլիի քաղաքապետարանը կնքել է «Լիգա 2006» ՍՊԸ-ի հետ՝ 14 հազար 991 լարի և 90 թեթրի արժողությամբ: Պարզեցված գնումների համաձայն, քաղաքապետարանը 32 գյուղերի արտաքին լուսավորության աշխատանքների կազմակերպման համար ձեռք կբերի նախագծածախսային հաշվառման փաստաթղթեր։

  • Հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի՝ 16 հազար լարի,
  • Շահումյան՝ 20 հազար լարի,
  • Շուլավերի 20 հազար լարի,
  • Օփրեթի՝ 10 հազար լարի,
  • Աղքյորփի՝ 16 հազար լարի
  • Այլ՝ 27 ոչ հայաբնակ գյուղերի նմանատիպ ծրագրեր: