Ապրիլի 4-ին Մառնեուլիի շրջանի Աղքյորփի և Չանախչի գյուղերում 53 ընտանիք օգնություն ստացավ: Օգնությունը տրվում է ընտանիքներին առաջնահերթությամբ՝ հաշվի առնելով, թե ինչ սոցիալական պայմաններում են ապրում: «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանում է Աղքյորփիի վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցիչ Արամ Կարապետյանը:
«Ալիք մեդիան» այսօր ահազանգ ստացավ, ըստ որի, Աղքյորփի գյուղում «օգնություն բաժանում են խտրականությամբ, մինչդեռ օգնություն պետք է տրվի բոլորին, քանի որ գյուղում բոլորն էլ սոցիալապես անապահով պայմաններում են ապրում»:
«Արդեն երկրորդ անգամ ենք բաժանում օգնություն: Առաջին անգամ ըստ առաջնահերթության, առաջնային կարևորության մթերք տվեցինք միայնակ և ծանր սոցիալական պայմաններում ապրող տարեցներին, իսկ երեկ արդեն երկու գյուղում օգնություն տվեցինք 53 ընտանիքի, ովքեր ևս ծանր պայմաններում են ապրում», — մեզ հետ զրույցում ասում է Արամ Կարապետյանը:
Ըստ քաղաքապետի ներկայացուցչի, մոտ օրերին ավելի քան 50 ընտանիք ևս կստանա օգնություն, սակայն գյուղերում շրջանառվող լուրերը, թե օգնություն ստանալու են բոլորը՝ չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ մարտի 28-ին Մառնեուլիի շրջանի Ծոփ, Խոժոռնի, Գյուլուբաղ և Բրդաձոր գյուղերում ևս բաժանվել է օգնություն: Ըստ Խոժոռնիի վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցիչ Արսեն Հախվերդյանի, այս պահին չորս գյուղում օգնություն է ստացել մոտ 175 ընտանիք՝ նախ միայնակ, 70-ն անց տարեցները, և հետո ըստ սոցիալական կարգավիճակի:
Հավելենք՝ Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելու նպատակով կարանտինային ռեժիմ հայտարարվեց, ինչից հետո տեղի ղեկավարությունն օգնում է սոցիալապես անապահով ընտանիքներին՝ սնունդ ու առաջնային անհրաժեշտության պարագաներ տալիս: