Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի, Չանախչի, Օփրեթի և Խոխմել գյուղեր տանող միակ ճանապարհն անցանելի է, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց վերոնշյալ գյուղերը Մառնեուլիի սակրեբուլոյում ներկայացնող պատգամավոր Արսեն Հախվերդյանը:
Պատգամավորը նշեց՝ մայիսի 26-ից տեղում տեխնիկա է աշխատել. վարարած գետի հունը «գրեյդեր» տեսակի տեխնիկայով լայնացվել է, որից հետո հնարավոր է դարձել ամենագնաց մեքենաներով երթևեկությունը:
«Այսօր արդեն մյուս տեսակի մեքենաների համար ևս ճանապարհն անցանելի է»,- վստահեցրեց պատգամավորը:
Հախվերդյանը նաև նշեց, նախատեսում է այցելել այն գյուղեր, որոնց գյուղամիջյան ճանապարհները վնասվել են. այստեղ ևս աշխատանքներ կիրականցվեն:
Հիշեցնենք, մայիսի 25-ից շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել էին միջպետական և գյուղամիջյան ճանապարհները։ Շրջկենտրոն Մառնեուլիից դեպի վերնոնշյալ գյուղեր տանող միակ ճանապարհին առկա կամրջի շինարարական աշխատանքների պատճառով հատկացված ժամանակավոր ճանապարհը գետը քշել, տարել էր: Ի դեպ, այս ճանապարհը նաև հայ-վրացական միջպետական ճանապարհ է հանդիսանում:
Մառնելուիի որոշ գյուղեր հորդառատ անձրևների պատճառով մեկուսացված են