Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում 2 000 հանդիսականի համար նախատեսված UEFA II կարգի ֆուտբոլային մարզադաշտի շինարարությունը կավարտվի այս տարվա մարտի վերջին, փոխանցում է Քվեմո Քարթլիի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ ենթակառուցվածքային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել`
- մարզադաշտի համապատասխանեցում UEFA II կարգի պահանջներին և Վրաստանում գործող չափանիշներին,
- հարակից տարածքում հանգստի գոտու և ավտոկայանատեղիի կազմակերպում,
- մարզադաշտի լիովին հարմարեցում հաշմանդամություն ունեցող անձանց համար,
- մարզադաշտի համալիրում հանդերձարանների և սանհանգույցների կազմակերպում,
- հիմնական մարզադաշտի լուսավորության, ձայնային և հրդեհային համակարգերի տեղադրում,
- հատուկ տարածքների հարմարեցում հեռուստառեպորտաժների համար։
Տեղեկության համաձայն, ծրագիրն իրականացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մունիցիպալ զարգացման հիմնադրամը՝ Վրաստանի կառավարության ֆինանսավորմամբ, իսկ արժեքը կազմում է 8 մլն 144 հազար 360 լարի։