Մառնեուլիի շրջանի աղետների և հրդեհի վնասների հաշվառման աշխատանքային խմբի անդամները ստուգել են փետրվարի 13-ի երկրաշարժից տուժած Մառնեուլիի շրջանի շինությունները։ Այս մասին տեղեկանում ենք Մառնեուլիի շրջանի ֆեյսբուքյան էջից։
Մառնեուլիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ խմբի ղեկավար, Մառնեուլիի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոյին Դեկանոիձեն հանդիպել է տուժածներին և անձամբ ծանոթացել երկրաշարժի պատճառած վնասներին։ Առաջին փուլում հաշվառվել են վթարային շինությունները, կատարվել է վնասի գնահատում, որը զուգահեռաբար կքննարկվի հանձնաժողովի կողմից։
Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ այս պահին Մառնեուլիի շրջանի ողջ տարածքում գրանցվել է աղետից տուժած 11 գյուղի 34 շենք և շինություն։
Տվյալների համաձայն՝ հանձնաժողովը շարունակում է աշխատանքը։ Ընդգծվում է, որ երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքները կունենան պետության առավելագույն աջակցությունը։
Քվեմո Քարթլիի գուբերնատոր Գիորգի Դոխթուրաշվիլին էլ աշխատանքային հանդիպում է անցկացրել Դմանիսիի շրջանում երկրաշարժից տուժած ընտանիքների վիճակը հետաքննող հանձնաժողովի անդամների հետ։
Ըստ տեղեկությունների՝ Գիորգի Դոխթուրիշվիլին տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկել է շրջանում տիրող իրավիճակը, առկա վնասների աստիճանը և օպերատիվ արձագանքման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Տեղեկությունների համաձայն՝ գործընթացում կներգրավվի անկախ փորձագետ, որը երկրաշարժի արդյունքների ուսումնասիրության հիման վրա օբյեկտիվ եզրակացություն կանի վնասված շինությունների վիճակի մասին։
Գիորգի Դոխթուրիշվիլին ևս մեկ անգամ ընդգծել է, որ երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքները առավելագույն աջակցություն կստանան պետության կողմից, և վնասը կփոխհատուցվի մինչև վերջին թեթրին։
Հատկանշական է, որ փետրվարի 13-ին երկրաշարժը վնասել է Դմանիսիի շրջանի մոտ 20 բնակելի տուն և Դմանիսիի շրջանի Գանտիադիի հանրային դպրոցի շենքը։