Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով նշված ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել, ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։
«Մառնեուլիի ընտրատարածքային հանձնաժողովն այցելել է ընտրատեղամաս և ուսումնասիրել նշված փաստը։ Գործընթացը տեղում դադարեցվել է։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անհապաղ խորհրդակցություն է հրավիրել, և նշված ընտրաեղամասի տվյալներն անվավեր են ճանաչվել»,- ասել է Իոսելիանին:
Ներքին գործերի նախարարությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել ընտրակեղծիքների հոդվածով։
Ըստ տարածված տեղեկությունների` Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել (աղբյուր 1, 2):
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մառնեուլիի 69-րդ տեղամասում տեղի ունեցած միջադեպին այսպես է արձագանքել. «Ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով»:
Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է: ԿԸՀ նախագահն արձագանքել է Մառնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին և կոչ է արել Մառնեուլիի ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։